Հոքինգը մահվանից մի քանի օր առաջ հասցրեց ավարտել իր վերջին գիտական աշխատությունը. The Times
Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա: Այդ մասին, ինչպես մարտի 19-ին հայտնել է The Times թերթը, պատմել է աշխատության համահեղինակ՝ Բելգիայում գտնվող Լյովենի կաթոլիկական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Հերթոխը։
Հոքինգի վերջին հոդվածում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա միանգամայն վերջապես կարող էր արժանանալ Նոբելյան մրցանակի, նշում է The Times-ը:
Սթիվեն Հոքինգը մահացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում: Նա ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել է խոսելու ունակությունը եւ սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից: Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը:
Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը: Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ անցքերը եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը եւ այլ գրքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: