Պուտինը քարտ-բլանշ ստացավ
«Ես Պուտինի հաղթանակը պյուռոսյան եմ որակում: Պուտինը երկիրն է՛լ ավելի վտանգավոր փակուղի մտցնելու և նախկին փակուղին շարունակելու մանդատ ստացավ, որը չափազանց վտանգավոր է: ՌԴ գործող նախագահը ստացավ բնակչությունից էական քարտ-բլանշ, որն ամենազարմանալին է ներկայիս փակուղային իրավիճակի մեջ: Այս արդյունքները ցույց են տալիս, որ նա որևէ ազդանշան չստացավ բնակչության որոշ հատվածներից և ընդդիմությունից, որ երկրում ինչ-որ բան փոխել է պետք, քանի որ լիբերալներն էլ ավելի քիչ ձայներ ստացան, քան նախկին բոլոր ընտրությունների արդյունքում:
Լիբերալ թևն այսքան քիչ ձայն ՌԴ պատմության մեջ չէր ստացե,լ և սա կործանիչ է երկրի համար: Էական հանգամանք է նաև այն փաստը, որ այս ամենը տեսնում է Պուտինի շրջապատը, այն մարդիկ, ում վրա հենվում է Պուտինի իշխանությունը, սա իր հերթին՝ նշանակում է, որ նրանք ևս կարծելու են. «ինչո՞ւ փոխել», և թույլ չեն տալու Պուտինին իշխանություն պահելու համար նույնիսկ որոշ բարեփոխումներ իրականացնել, կիսել իշխանության պատասխանատվությունը` երկիրը տանելով կործանման»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ մեկնաբանելով մարտի 18-ին ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Նրա կարծիքով՝ Պուտինը դառնալու է այս հաղթանակի պատանդը: Ռուս քաղաքական գործիչն ամիսներ առաջ էր ենթադրել, որ նախագահական ընտրությունները նման արդյունքներով են ավարտվելու: Ըստ նրա՝ այս արդյունքները ստանալու համար այս անգամ իշխանությունները խախտումների և արդյունքները «նկարելու» այլ սխեմա էին մշակել, որը տարբերվել է նախորդից:
Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասել է, որ ՌԴ ընտրությունների արդյունքներն արտացոլեցին այն հանգամանքը, որ արտաքին ճնշումները միավորել են հասարակությանը իշխանության շուրջ:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ` կարևորն այն է, որ ոչինչ չի փոխվելու, կշարունակվի ՌԴ-Արևմուտք առճակատումը, որից գուցե սկսի տուժել նաև Հարավային Կովկասը, քանի որ ամերիկյան պատժամիջոցներն են մոտենում տարածաշրջանին, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությունը կպահպանվի, Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս ՌԴ-ն կշարունակի ունենալ իր այն դերակատարությունը՝ ինչ միշտ է ունեցել:
Սակայն այստեղ հետաքրքրականն ինձ համար հետևյալն է` բոլորն այս ընտրություններից հետո ակնկալում են ՌԴ նախագահից ավելի սուր արտաքին քաղաքականություն հատկապես Արևմուտքի ուղղությամբ, քանի որ, իբրև թե հասարակությունը նախագահին տվել է այդ իրավունքը, բայց չի բացառվում, որ զարգացումներն այլ ուղիով ընթանան»,- ասել է Եվսեևը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: