Բաժիններ՝

«Մեծ բիզնես ծրագիրը, որի մասին այդքան խոսում էին, ձախողվել է, տապալվել է, և հանրությանը չեն իրազեկում պատճառների մասին». Լենա Նազարյան

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են դիմել Ազգային ժողովի խմբակցություններին` քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողով ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, այսինքն` անհրաժեշտ է 26 պատգամավորի համաձայնություն, և միայն «Ելք» խմբակցությունը չի կարողանա նախաձեռնել, անհրաժեշտ է այլ պատգամավորների աջակցություն:

«Անհրաժեշտ է հանրային պահանջ քննիչ հանձնաժողով ձևավորելու համար: Սա մի հանձնաժողով է, որը ստեղծվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննելու համար, հնարավորություն է տալիս 6 ամսվա ընթացքում այդ հանձնաժողով հրավիրել պետական պաշտոնյաների, որոնք կարող են պարզաբանումներ տալ խնդրի վերաբերյալ, նյութեր ստանալ, հարցումներ ուղարկել, որոնք հնարավարություն կտան պարզել, թե ինչ խնդիր է ներկայումս առաջացել: Թեղուտի հանքը դադարել է գործել, և 1200 հոգի կրճատվել է: Սա լուրջ խնդիր է մարզային բնակչության համար: Իսկ ընկերությունը ոչ մի կերպ չի պարզաբանում` դա բնապահպանակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ այլ խնդիր է: Ըստ էության` մեծ բիզնես ծրագիրը, որի մասին այդքան խոսում էին, ձախողվել է, տապալվել է, և հանրությանը չեն իրազեկում պատճառների մասին»,- ասաց Լ.Նազարյանը:

Նրա խոսքով` ընկերությունը չի էլ պարզաբանել` հետագայում նորից կվերսկսե՞ն աշխատել, թե՞ ոչ: Եթե չհաջողվի անհրաժեշտ չափով ստորագրություն հավաքել, նշեց պատգամավորը, ինքն անձնական նախձեռնությամբ հարցումներ կուղարկի, կփորձի ինքնուրույն վերլուծել իրավիճակը, այս մասին հարց կհնչեցնի նաև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները մոտ 2 ամիս առաջ հայտարարել էին, թե «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, զբաղված լինելով մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ, ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։

Բնապահպաններն արձանագրել են, որ շահագործման 4 տարվա ընթացքում Թեղուտի պոչամբարի պատվարի վրա առաջացել են ճաքեր, և այն կարող է ցանկացած պահի փլվել` անդառնալի հետևանքներ ունենալով հարակից բնակավայրերի ու բնության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս