Բաժիններ՝

Հայաստանը պատրաստվում է պատշաճ ընդունել իրանցի զբոսաշրջիկներին. նախարար Կարայան

Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել իրանցի զբոսաշրջիկների համար երկիրն ավելի գրավիչ, հետաքրքիր և ապահով դարձնելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում են Նովրուզին նվիրված տոնակատարությունների, համերգների, տոնավաճառների կազմակերպում:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Իրանը մեզ համար կարևոր գործընկեր և թիրախային զբոսաշրջային շուկա է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նախորդ տարի իրանցի զբոսաշրջիկների թվի 16,6% աճ է գրանցվել։ Այո, այս տարի ևս մենք Նովրուզին ընդառաջ մի շարք քայլեր ենք ձեռնարկել՝ Հայաստանը իրանցի զբոսաշրջիկների համար դարձնելու գրավիչ, հետաքրքիր և, իհարկե, ապահով»,-ասաց նախարարը:

Հենց Իրան – Հայաստան սահմանային անցակետում Մեղրի ԱՏԳ-ում գործող տեղեկատվական կենտրոնում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու ներուժը ներկայացնող պարսկերեն բրոշյուրներ, քարտեզներ, թռուցիկներ, տեղեկատվական թերթիկներ:

Իրանից Հայաստան տանող մայրուղիներին կտեղադրվեն հայերեն և պարսկերեն տեղեկատվական, ինչպես նաև Նովրուզի շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ։ Պաստառները Նովրուզի նախօրեից սկսած մեկ ամիս շարունակ տեղադրված կլինեն մայրուղիներին։

«Մեկ այլ կարևոր քայլ. Նովրուզի ողջ ընթացքում Հայաստանում կգործի 24-ժամյա թեժ գիծ՝ պարսկալեզու մասնագետների ներգրավմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, այսպիսով կփորձենք ապահովել իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում հրատապ լուծում տալ հնարավոր խնդիրներին։ Մենք ակնկալում ենք, որ այս օրերի ընթացքում մասնավոր հատվածը ևս ակտիվ ներգրավվածություն կունենա։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում են Նովրուզին նվիրված տոնակատարությունների, համերգների, տոնավաճառների կազմակերպում»,-նշեց Կարայանը:

Նրա խոսքով՝ Նովրուզին ընդառաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կկազմակերպեն քննարկում շահագրգիռ պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ իրանցի զբոսաշրջիկներին պատշաճ ընդունելու հարցերով:

Իրանական Նովրուզի տոնակատարությունները կնշվեն մարտի 21-24-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս