Բաժիններ՝

«Կամպ Նոուն» շատ ջերմ ողջունեց Անդրե Գոմեշին. Ի՞նչի հետ է դա կապված

«Բարսելոնա»-«Չելսի» (3:0) խաղի երկրորդ խաղակեսում Սերջի Բուսկետսին փոխարինեց Անդրե Գոմեշը: Այս փոփոխությունը, որը առաջին հայացքից շատ սովորական էր, երկրպագուների կողմից ընդունվեց շատ ջերմ: Ամբողջ մարզադաշտը բարձր ծափահարություններով դիմավորեց պորտուգալացի կիսապաշտպանին:
Գոմեշին նման կերպ ընդունելը կապված էր ֆուտբոլիստի տված շատ անկեղծ հարցազրույցի հետ:

Իսպանական Panenka ամսագրի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել էր, որ այն բանից հետո, ինչ 2016-ին ինքը տեղափոխվել է կատալոնական ակումբ, միշտ շատ մոտ է եղել դեպրեսիային: Աշխարհի լավագույն ակումբում խաղալը շատ բարդ է տրվել Գոմեշին:
«Ես հարմարավետություն չեմ զգում խաղադաշտում: Ինձ դուր չի գալիս այն, ինչ ես անում եմ: Առաջին կես տարում ամեն ինչ շատ լավ էր, հետո ամեն ինչ փոխվեց: Գուցե սա ճիշտ բառը չէ, բայց ամեն ինչ վերածվեց դժոխքի, քանի որ ճնշումը շատ էր մեծանում:

Սովորական ճնշումը ես նորմալ եմ տանում, բայց երբ ես ճնշում եմ ինքս ինձ, ամեն ինչ շատ է բարդանում: Դրա համար խաղերի ժամանակ ես վատ զգացում եմ ունենում:
Մարզումների ժամանակ ես շատ հանգիստ եմ, ես ինձ լավ եմ զգում թիմակիցներիս շրջանում: Իհարկե, որոշ օրերի ես ինձ անվստահ եմ զգում, և դա նկատելի է լինում: Դա կապված է նրա հետ, որ մեկ օր առաջ ես խաղացել եմ, և իմ աչքի առաջ որոշ դրվագներ են: Այդ պահերը ինձ թույլ չեն տալիս շարժվել առաջ:

Շատ անգամներ ես պարզապես չեմ ցանկանում դուրս գալ տնից: Մարդիկ կարող են ուշադիր նայել ինձ, իսկ ես վախենում եմ քննարկումներից և ամոթից:

Այս մտքերի լեռը խանգարում է ինձ: Ես գլխումս պտտում եմ վատ մտքերը, մտածում եմ այն մասին, թե ինչ պետք է անեմ, և շատ եմ խորանում: Թիմակիցներս ինձ օգնում են, բայց ինձ մոտ ամեն ինչ դեռ այնպես չի ստացվում՝ ինչպես պետք է»,- պատմել է ֆուտբոլիստը:
Նախկինում կատալոնական ակումբի երկրպագուները ակնհայտ ճնշում էին Գոմեշին: Նախորդ տարի ՊՍԺ-ի հետ առաջին խաղից հետո երկրպագուները անգամ սուլում էին Գոմեշին: Հիմա երկրպագուները ամեն կերպ փորձում են աջակցել Գոմեշին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս