
ՆԱՏՕ-ն թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ եւ սպառազինությունների մրցավազք: Սպառազինությունների մրցավազքում չկա հաղթող, այն թանկ արժե, ռիսկային էեւ ոչ մեկի շահերին չի համապատասխանում»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ն «սպառնալիքներ չի ներկայացնում Ռուսաստանի համար» եւ միտված է «պաշտպանությանը, զսպմանը եւ այդ երկրի հետ երկխոսությանը», որպեսզի հստակորեն ներկայացնի իր դիրքորոշումը: Այդ մասին ասված է ամենամյա զեկույցում, որը ներկայացրել է Ստոլտենբերգը: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է սպառազինությունների վերահսկման բոլոր պայմանագրերի կատարմանը, ներառյալ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՎՊ):
«ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ոչ մի երկրի համար: Մենք շարունակում ենք ձգտել կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ մենք հավատարիմ ենք երկխոսությանը, որպեսզի պարզորոշ շարադրենք մեր դիրքորոշումը, նվազեցնենք ռիսկերը եւ մեծացնենք թափանցիկությունը,-ասված է փաստաթղթում:-Մենք նաեւ հաստատակամորեն հանձնառու ենք սպառազինությունների վերահսկման բոլոր պայմանագրերի կատարմանը, ներառյալ ՄՓՀՀՎՊ-ն»:
«2017 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որն անկեղծ բանավեճերի համաժողով է, հավաքվել է երեք անգամ: Երկխոսությունը դյուրին չի ընթանում, բայց երբ լարվածությունը մեծ է, էլ ավելի կարեւոր է՝ խոսել միմյանց հետ: Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը հետեւողական է՝ ուժեղ պաշտպանություն եւ զսպում՝ զուգորդված բովանդակալից երկխոսության հետ»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: