Մակրոնը կհայտարարի Սկրիպալի հետ կապված իրադրության կապակցությամբ Ֆրանսիայի միջոցառումների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 15-ին հայտնել է, որ շուտով կհայտարարի այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ: Այդ մասին հայտնել են Փարիզի զանգվածային լրատվամիջոցները:
«Ես մոտ օրերս կհայտարարեմ, թե մենք ինչ միջոցներ ենք պլանավորում ընդունել»,- ասել է նա լրագրողներին Էնդրի եւ Լուարի դեպարտամենտ կատարած ուղեւորության ընթացքում:
Նախագահը վերստին ընդգծել է, որ վճռականորեն դատապարտում է Սկրիպալին թունավորելու փորձը, եւ համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ համաձայն է Մեծ Բրիտանիայի այն եզրակացությանը, թե Սկրիպալի թունավորման հետեւում կանգնած է Ռուսաստանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: