«ՌԴ-ն պետք է անվճար զենք մատակարարի ՀՀ-ին մեր ուզած խմբաքանակով». Վովա Վարդանովը՝ ՌԴ-ի արած հետևությունների մասին

«Չեմ կարծում՝ հետևություններ արած լինեն այնպես, ոնց մենք ենք հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ Կ. Կոսաչովը ՀՀ ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:

«Դրանից հետո ՌԴ-ն, կարծեմ, 100 հատ ПТР (հակատանկային հրացան) է մատակարարել Ադրբեջանին: Ինքն իր ձևով է հետևություններ արել: Մենք մեզ չխաբենք, որ էլ չի մատակարարելու: Չէ, ինքը հետևություն է արել, հիմա կարող է ղեկը աջից չլինի, ձախից լինի, կամ՝ հակառակը: Ինքն իր հետևություններն է արել, հայերով չխաբվենք»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Վարդանովը:

Հարցին՝ ի՞նչը կլիներ հետևություն, որ ընդհանրապես զենք չմատակարարվե՞ր ՀՀ ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին, Վ. Վարդանովն այսպես արձագանքեց. «Դե, մենք դա ենք սպասում, չէ՞, որ մեր դաշնակիցը նման բան չանի, բայց պետք չէ հավատալ, որ նման բան հնարավոր է, բացառվում է: Ռուսաստանը չի ուզի իր ազդեցության ոլորտներից մեկն Ադրբեջանի Հանրապետության վրա կորցնել»:

Մեր ճշտող հարցին էլ՝ այդ դեպքում ի՞նչ կարող ենք ակնկալել, որը կլինի նաև իրատեսական, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Անվճար զենքի մատակարարում ՀՀ-ին մեր ուզած խմբաքանակով: Ինչպե՞ս է Եվրոպան ասում՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ նրանց հետ, տենց մի բան մենք պետք է ռուսին ասենք, էդքան կամքի ուժ պետք է ունենա մեր ղեկավարությունը, որ ասի՝ կա՛մ դուք մեզ մատակարարում եք, կա՛մ մենք ուրիշ մատակարար ենք ճարում, ու ընդհանրապես վեր կացեք, այստեղից գնացեք»:

Տեսանյութեր

Լրահոս