Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու գործով կալանավորվել է ևս մեկ անձ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում կալանավորվել է ևս մեկ անձ:
ՀՔԾ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին , որ նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ դեռևս չեն կարող տրամադրել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կալանավորված անձը ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանն է:
Այս գործի շրջանակում կալանավորվել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի Քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության մեկ այլ քննիչ:
Քննչական կոմիտեում բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ, Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձանց վերաբերյալ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակում ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Նշված քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ, և դրանց հիման վրա քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՔԾ:
Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: