Հնարավո՞ր է Բակո Սահակյանն առաջիկայում այց կատարի նաև Մոսկվա. պարզաբանում է Մարիա Զախարովան
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և այնտեղ տեղի ունեցող հանդիպումները կապվա՞ծ են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, և հնարավո՞ր է Արցախի նախագահն առաջիկայում նման այց կատարի Մոսկվա, հետևյալն ասաց.
«Խոսել այն մասին, թե ով է այցելում մի տարածաշրջանից մյուսը, եթե խոսքը ՌԴ-ի մասին չէ, բավականին տարօրինակ է։ Ես կարծում եմ, որ եթե խոսքը ԱՄՆ-ի մասին է, ապա այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ինձ ոչինչ հայտնի չէ նման հանդիպումների մասին։ Ես միայն կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք մեր բոլոր պարտավորություններին՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, և ակտիվորեն փորձում ենք նպաստել այդ շատ բարդ խնդրի ամբողջական ֆորմատով կարգավորմանը»։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը քննարկո՞ւմ է Թուրքիայի հետ, նա այսպես պատասխանեց. «Ղարաբաղի հարցի կարգավորումը քննարկվում է մի շարք մեր գործընկերների հետ, խոսքը և՛ համանախագահների, և՛ տարածաշրջանի երկրների մասին է, դա նորմալ է, դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում»։