![](/banners/BeFunky-design.jpg)
Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու վճարումները
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/Altunyan.jpg)
Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումները, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ առաջարկվում է սուբսիդավորման միջոցով պետպատվեր կատարող բուժհաստատությունների վճարումների համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում հատկացնել: Մասնավորապես՝ 100-տոկոսանոց սուբսիդավորում է նախատեսված պոլիկլինիկաների, ամբուլատորիաների եւ սահմանամերձ հիվանդանոցների համար, 70-տոկոսանոց սուբսիդավորում՝ բոլոր մարզային և մայրաքաղաքային հաստատությունների համար, որոնք պետպատվեր են կատարում եւ ունեն մինչեւ 100 մլն դրամի շրջանառություն, 50-տոկոսանոց՝ մայրաքաղաքի բուժհաստատությունների համար, որոնց ամսական շրջանառությունը 100 մլն դրամից ավելի է:
«Առաջարկվում է 2017 թվականին հաստատությունների օպտիմալացման հետեւանքով խնայված 49 մլն դրամը, ինչպես նաև պետգնումների ընթացքում խնայված 153 մլն դրամը բուժհաստատություններին հատկացնել որպես սուբսիդիա»,- ասաց նա: