
«Լևոնին հաջողվեց շփոթեցնել Կարյակինին». Աշոտ Նադանյան

Շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանի կարծիքով, Արոնյանին հաջողվեց շփոթեցնել Կարյակինին պարտիայի սկզբնամասում:
«Թե Կարյակինը, թե Լևոնը լավ գիտեին խաղացված տարբերակը: Սակայն Լևոնին հաջողվեց ճիշտ օգտագործել դիրքը: Լևոնին հաջողվեց շփոթեցնել Կարյակինին: Ռուս շախմատիստը պետք է անցներ հայտնի դիրքին, սակայն չարեց դա: Իսկ պարտիայի վերջնամասում Լևոնն արդեն շատ վստահ էր գործում և ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նադանյանը:
Մասնագետի խոսքով`Արոնյանի հաջորդ մրցակիցը` Ալեքսանդր Գրիշչուկը, ակտիվ խաղացող է, և Լևոնի համար լավ է խաղալ սպիտակ խաղաքարերով: «Լևոն համար վիճակահանությունը շատ լավ է դասավորվել, այսինքն` ինչ գույներով է խաղալու հակառակորդների հետ»,-ասաց միջազգային վարպետը:
Շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է: Հայ գրոսմայստերն այս տուրում կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս զույգերն են. Կարուանա-Կարյակին, Սո-Կրամնիկ, Լիժեն-Մամեդյարով: 4 տուրից հետո 3 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Լևոն Արոնյանը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը: 1-ական միավոր ունեն Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: