«Ուրարտուն» մեծ օգուտ ստացավ միջազգային այս մրցաշարին մասնակցելուց. մարզիչ
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանի կարծիքով, հայկական ակումբը «Երևան-2800» միջազգային մրցաշարում կարողացավ անհրաժեշտ օգուտներ քաղել:
«Ուրարտուն» մեծ օգուտ ստացավ միջազգային այս մրցաշարին մասնակցելուց: Մեր խնդիրն այն է, որ նոր տղաները, ովքեր միացել են ակումբին, կարողանան հարմարվել և խաղային եզրեր գտնել միմյանց հետ: Չեմ ասի, թե պաշտպանությունում ամեն ինչ կարգին է, խաղերի հաշիվներն են խոսում այդ մասին: Բայց խնդիրներ կային նաև հարձակման գծում, քանի որ չէինք կարողանում միավորներ հավաքել»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ուրարտուի» գլխավոր մարզիչը:
Անդրադառնալով մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ նրանք ուժեղ էին և բարձրակարգ: «Հունդային» խաղում էր նույն կազմով, որով հանդես է գալիս Վրաստանի առաջնությունում, և առաջատարն է: Թեհրանի «Արարատը» նույն կազմով հաղթել է Իրանի Մ23 տարեկանների առաջնությունում: Նրանք հրաշալի դիմադրություն էին ցույց տալիս մեզ հետ խաղում: Իսկ ահա «Գազպրոմ»-ի կազմում հանդես է գալիս Եվրոպայի չեմպիոն, ով, անկախ տարիքից, մեծ փորձով բասկետբոլիստ է»,-ասաց Ստեփանյանը:
Երևան-2800- ի վերջին խաղերում Մոսկվայի «Գազպրոմ Մոսկվան» 91-65 հաշվով առավելության հասավ Թեհրանի «Արարատի» նկատմամբ և հռչակվեց «Երևան-2800» մրցաշարի հաղթող: Երևանի «Ուրարտուն» երկրորդ տեղի համար պայքարում 63-100 հաշվով պարտվեց Թբիլիսիի «Հունդայի» ակումբին և եզրափակեց լավագույն եռյակը: