
Երևանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար: Միայն դպրոցների, մանկապարտեզների, քաղաքային նշանակության վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդաների նորոգման ծառայությունների համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ:
Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ անգամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահների այցերի կապակցությամբ համապատասխան երկրի եւ ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ:
Թերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչեւ 4 օտարերկրյա նախագահների եւ պաշտոնական այցերի դրոշակազարդարումը: Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա եւ ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը` նպաստելով նրանց գերհարստացմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: