
Լոուրենս Քուդլոուն կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը

Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Լոուրենս Քուդլոուն ընդունել է տնտեսական քաղաքականության հարցերով նախագահի օգնականի եւ Ազգային տնտեսական խորհրդի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը»,- ասել է նա: Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Գերի Քոնը, որը մարտի 6-ին հրաժարական է տվել:
70-ամյա Քուդլոուն պահպանողական բնույթի հայտնի վերլուծաբան ու քաղաքական մեկնաբան է ԱՄՆ-ում: Նա լրատվական հեռուստահաղորդում է վարել CNBC հեռուստաալիքում, ինչպես նաեւ հաճախ է իր վերլուծական հոդվածները հրապարակում ամերիկյան տպագիր հրատարակություններում ու զանազան կայքերում: 2016 թվականի ընտրարշավի ժամանակ Քուդլոուն Թրամփի խորհրդականն էր հարկային քաղաքականության մշակման հարցերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: