Ֆեյսբուքում դատավորներն ու դահիճները շատ են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Սա մեջբերում էր մեր թերթի վարքականոնից, որը ընդունվել է ավելի քան 10 տարի առաջ՝ այն դարաշրջանում, երբ մարդիկ ֆեյսբուքում իրար դեմ «կյանքի եւ մահու» կռիվ դեռեւս չէին մղում, իսկ լրագրողի ու համացանցի օգտատիրոջ միջեւ գոյություն ուներ որոշակի սահման:
10 կամ 20 տարի առաջ նույնպես հաճախ էր պատահում, երբ մարդիկ փորձում էին ինքնահաստատվել՝ գործընկերներին «ցեխը կոխելով»: Բայց հիմա, երբ եկան ֆեյսբուքյան դաժան ժամանակները, դա տեղի է ունենում գրեթե ամեն րոպե:
Ինչու եմ ես կարեւոր համարում վարքականոնի այս կետը: Նախեւառաջ այն պատճառով, որ, իմ կարծիքով, ոչ ոք այս դաշտում իդեալական չէ, եւ հետեւաբար ոչ մեկս չի կարող մյուսի դատավորը դառնալ: Բնականաբար, ամեն մեկս իր կարծիքն ունի կյանքի բոլոր երեւույթների վերաբերյալ, եւ բանավիճել դրա շուրջ կարելի է (թեեւ ես դրա մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում՝ բանավեճից հետո էլ մարդիկ մնում են իրենց տեսակետին):
Բայց առավել անիմաստ է եւ զավեշտալի բանավեճը տանել հետեւյալ ուղղություններով՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «ես անկաշառ եմ, դու ծախված ես», «ես պատվեր չեմ կատարում, դու կատարում ես», «ես գրագետ եմ, դու՝ անգրագետ», «ես բարոյական եմ, դու՝ անբարոյական», «ես հետեւում եմ էթիկայի նորմերին, դու չես հետեւում»:
Ես զավեշտալի եմ համարում, երբ մարդիկ այնքան բարձր կարծիքի են իրենց առաքինության եւ այլ բարեմասնությունների մասին, որ իրավունք են վերապահում հանդես գալու դատավորի դիրքերից: Ֆեյսբուքում, մասնավորապես, օգտատերերի 90 տոկոսն է դատավոր ու երբեմն նույնիսկ՝ դահիճ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: