
«Արմենիկումի» փուչիկը վերջնականապես պայթեց. կլինիկան փակվում է, դեղի ճակատագիրն անհայտ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։ Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում մարտի 13-ին քննարկում է եղել։
Քննարկվել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքով՝ «Արմենիկումը» հեքիաթ էր, որն ավարտվեց, փուչիկ էր, որը պայթեց։
Նախկին նախարարի խոսքով՝ «Արմենիկումի» հրաշագործ հատկությունների մասին խոսվեց 98-99 թվականներին, ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին, թե մենք շատ արագ տարածաշրջանային կենտրոն կդառնանք, ողջ աշխարհի ֆինանսական միջոցները կգան Հայաստան, երկիրը կծաղկի, մենք էլ կնստենք մեր բազմոցների մեջ ու արքայավայել կապրենք»։