«Հիմա ի՞նչ, ասենք՝ Ռուսաստանում արհամարհում են Պուտինի խոսքը. ՌԴ-ն ընդունո՞ւմ է, որ ինքը նպաստում է էսկալացիային այստեղ»
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն այսօր ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը տեսակետ հայտնեց, որ դա մանիպուլյատիվ հայտարարություն է. «Ասում է՝ ժամանակին, որ պետք էր, շատ մեծ քանակով է վաճառվել, իսկ հիմա էդքան էլ չի ուզում Ադրբեջանը, վաճառում ենք՝ քիչ: Շատ ու քիչ ասելով՝ ինքն ի՞նչ նկատի ունի՝ գումա՞րը, թե՞ քանակը: Կարող է մի զենքի տեսակ է վաճառելու, որը 3 օրինակից ամեն մեկը 1.5 միլիարդ է:
Մասշտաբ ասելով՝ ի՞նչ նկատի ունի: Այստեղ խնդիր է գալիս: Սիրուն բառեր ասելու համար կարելի է ասել՝ զենքի մատակարարումը նվազեցրել ենք, դասեր ենք քաղել, և այլն: Եթե այլևս որևէ զինատեսակ չեն վաճառի, այն ժամանակ կասենք՝ դասեր են քաղել: Միևնույն է, իր ասածը նշանակում է, որ իրենք մնում ենք նույն քաղաքականության վրա, զենք են վաճառելու, շատն ու քիչն այս պարագայում ի՞նչ նշանակություն չունի:
Կարծում եմ՝ ինքն ավելի շատ մանիպուլյատիվ հայտարարություն է: Եթե ինքն առնվազն ներկայացներ նաև մանրամասներ, միգուցե, կարելի կլիներ պատկերացնել՝ դասեր քաղե՞լ են, թե՞ ոչ, բայց քանի որ շարունակվում է զենքի վաճառքը, ուրեմն՝ ՌԴ-ն որևէ դաս չի քաղել»:
Թ. Պողոսյանի կարծիքով՝ զենքի վաճառքի հարցի հետ միասին՝ ՀՀ-ն պետք է անընդհատ բարձրացնի նաև այն հարցը, թե ՌԴ-ն Հայաստանի հետ ի՞նչ քաղաքականություն է որոշել վարել, Հայաստանի հետ համատեղ արտադրություն դնո՞ւմ են, պետական համագործակցություն անո՞ւմ են, ուրիշ ի՞նչ են անում. «Դասերը քաղելուց իրականում ի՞նչ եզրահանգումների եք եկել:
Պատրաստվո՞ւմ եք հաջորդ անգամ այն կողմի անունը տալ, որն օգտագործելու է զենքն իրավիճակը լարելու համար: Չէ՞ որ, երբ ամերիկացիներն ասել են՝ պատրաստվում են հարձակողական զենք տալ Ուկրաինային, հենց ձեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքիր հայտարարություն է արել՝ ասելով՝ այն երկիրը, որը զենք է վաճառում կոնֆլիկտային տարածաշրջան, նպաստում է կոնֆլիկտի էսկալացիային: Հիմա ի՞նչ, ասենք՝ Ռուսաստանում արհամարհո՞ւմ են Պուտինի խոսքը: ՌԴ-ն ընդունո՞ւմ է, որ ինքը նպաստում է էսկալացիային այստեղ»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ ընդհանրապես լավ կլինի, որ քո ռազմավարական գործընկերը զենք չվաճառի այն երկրին, որը քեզ թշնամի է համարում. «Ես չեմ պատկերացնում՝ Ամերիկան ինչ-որ քանակի զենք վաճառի այն երկրին, որն ասում է՝ Իսրայելն իմ թշնամին է: Դրանով ենք հասկանում, որ ռազմավարական դաշնակիցներ ենք»:
Հարցին՝ այսինքն՝ հայկական կողմը պետք է պահանջ դնի, որ ՌԴ-ն ընդհանրապես զենք չվաճառի՞ Ադրբեջանին, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Պահանջ կարելի է դնել կամ բարձրաձայնել դրա մասին, բայց պետք է հասկանալ՝ քո դրած պահանջն արդյոք արձագանք գտնելո՞ւ է, թե՞ ոչ:
Հիմա, Հայաստանի՝ այս մի քանի տարիներին բոլոր մակարդակների հայտարարությունները բերեցին նրան, որ, եթե առաջ Կոսաչովը կամ իրեն նախորդող պաշտոնյաները գալիս էին, ասում էին՝ սա բիզնես է, և մենք անելու ենք, ձե՞զ ինչ, ապա հիմա փորձում են մեղմացված հայտարարությամբ հանդես գալ: Կարելի է հայտարություններ անել, բայց ես կցանկանայի՝ այլ խնդիր գիտակցեինք. իսկ մենք ի՞նչ ենք անում, որ կարողանանք առաջադեմ ձևով մեր սեփական զենքը ստեղծել, որ բոլորը հասկանան, որ Հայաստանի հետ պետք է համագործակցել, ոչ թե՝ Ադրբեջանի»: