Բաժիններ՝

Էլեկտրոնային ծխախոտը ևս կարող է քաղցկեղ առաջացնել. այն որպես այլընտրանք օգտագործողները կրկին դառնում են ծխող

Էլեկտրոնային ծխախոտը, որը շատերը համարում են ծխելուն այլընտրանք կամ ծխելուց ազատվելու միջոց, եւս վտանգավոր է առողջության համար եւ կարող է քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ էլեկտրոնային ծխախոտը արտաքուստ նման է սովորականին, իրենից ներկայացնում է ինհալյատորի նման սարք, որում տեղադրված է նիկոտինային հեղուկով քարթրիջ: «Երբ մարդը գլանակից օդը ներս է քաշում, գլանակում տեղադրված սարքը սկսում է գոլորշի արտադրել, որն էլ թափանցում է մարդու օրգանիզմ»,-նշեց նա:

Բերելով միջազգային փորձը, Բազարչյանը հավելեց, որ մի շարք հեղինակավոր հետազոտություններ ապացուցում են էլեկտրոնային ծխախոտի վնասակարությունը: «Դրանց վաճառքն արդեն արգելված է Դանիայում, Իսրայելում եւ մի շարք այլ երկրներում»,-նշեց Բազարչյանը:

2010 թվականին ԱՄՆ կառավարության սննդի եւ դեղամիջոցների նկատմամբ վերահսկողության տեսչությունը հրապարակել է զեկույց այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտները, ինչպես եւ սովորականները, վտանգավոր են առողջության համար, թեեւ արտադրողները շարունակում են հավաստիացնել, որ դրանք բացարձակապես անվտանգ են:

19 տեսակի էլեկտրոնային ծխախոտների թեսթավորումը ցույց է տվել, որ նրանցում առկա են տոքսիկ նյութեր, մասնավորապես` նիտրոսամին, որն առաջացնում է քաղցկեղ:

Բազարչյանի խոսքով`էլեկտրոնային ծխախոտում տեղադրված քարթրիջը պարունակում է նիկոտին, որը պարզապես չի վառվում: Հետևաբար` առողջապահական կազմակերպությունների կողմից այս ծխախոտը չի դիտարկվում որպես նիկոտային կախվածությունից բուժման միջոց: «Փորձը ցույց է տալիս, որ ծխելուց հրաժարված մարդիկ, օգտագործելով էլեկտրոնային ծխախոտ, շատ արագ կրկին դառնում են ծխող»,-հավելեց Ալեքսանդր Բազարչյանը:

Հայաստանում էլեկտրոնային ծխախոտն ազատ վաճառվում է ամենատարբեր խանութներում:

Չնայած գիտական հետազոտություններին, էլեկտրոնային ծխախոտ արտադրող մի շարք ընկերություններ շարունակում են պնդել, որ այդ տեսակի ծխախոտն անվտանգ է մարդկանց առողջության համար եւ իրենց արտադրանքը գովազդում են որպես հանրային վայրերում ծխելու արգելքի օրենքի շրջանցման միջոց:

Հոլանդացի գիտնականները ևս հայտնել են իրենց անհանգստությունն այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտները հատկապես գրավում են երիտասարդներին իրենց վառ գույների, թարթող լույսերի եւ ոսկերչական ապրանքի տեսք ունենալու պատճառով:

Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն էլ այն եզրակացության են եկել, որ էլեկտրոնային ծխախոտները, նիկոտինից բացի, օդ են արտանետում նաև այլ թունավոր նյութեր, որոնք վնասակար են պասիվ ծխողների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս