
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի զոհերը կդառնան զարգացող երկրները. ՄԱԿ

ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն: Մարտի 8-ին այս կարծիքն է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆՔԹԱԴ) գլխավոր քարտուղար Մուհիսա Քիթույին։
Ինչպես Reuters գործակալությունը մեջբերում է Քիթույիի խոսքը, «զարգացող երկրները, անցումային տնտեսությունները, ավելի քիչ զարգացած երկրներն ի վիճակի չեն պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ: Նրա խոսքով՝ այդ երկրները, դառնալով «գործընթացի զոհեր»՝ «այժմ քիչ բան կարող են անել»:
Մարտի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություններ է ստորագրել պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսեր սահմանելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: