Բաժիններ՝

Երեխաները չեն սովորում նաև մեծերի չսովորելու պատճառով

Հայաստանում կրթության խնդիրների մասին խոսելիս անդրադառնում են վատ կառավարմանը, անբավարար ֆինանսավորմանը, դասագրքերի ցածր որակին, ուսուցիչների մասնագիտական անբավարար պատրաստվածությանը։

Բայց կա մի իրողություն, որը շատ բացասական է ազդում՝ ինչպես երեխաների սովորելու, այնպես էլ՝ կրթության համակարգի վրա։

Դա այն է, որ Հայաստանում չափահաս մարդիկ շատ քիչ են սովորում։ Արիստոտելը մարդու կարևորագույն հատկանիշներից մեկը համարել է նմանակելը։ Հետևաբար՝ երեխաների զգալի մասը, չսովորելով, ընդամենը նմանակում է չափահասներին։ Հայաստանի հանրային տրանսպորտում, այգիներում, ընտանիքներում շատ քիչ չափահասներ են գրքեր կարդում։

Չափահասների մեծ մասը, ներառյալ՝ ուսուցիչները և դասախոսները, դժկամությամբ են մասնակցում վերապատրաստման դասընթացներին, եթե, իհարկե, դրանք արտասահմանում չեն։

Կարդացեք նաև

Ընտանիքների զգալի մասում հիմնականում խոսում են փողից, վարկից, արտագաղթից, սերիալներից, Հայաստանում առկա ծանր իրավիճակից, ինչի արդյունքում երեխաները սովորող չափահասների օրինակներ գրեթե չեն տեսնում։ Հայաստանում չկա սովորելու միջավայր, և դրա պատասխանատուն չափահասներն են, հատկապես՝ այն չափահասները, ովքեր ունեն կառավարման լծակներ կամ հանրային ճանաչում։

Հայաստանի չափահասների զգալի մասը մտածում է, որ դպրոցը, քոլեջը, համալսարանն ավարտելուց հետո պետք է աշխատել, ամուսնանալ, երեխաներ, թոռներ ունենալ ու մահանալ։ Մինչդեռ աշխարհում վաղուց կարևորվում է ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պահանջը։

Մարդը չպետք է սովորի միայն այն դեպքում, երբ աշակերտ է, ուսանող կամ դասընթացի մասնակից։ Մարդը պետք է սովորի անընդհատ և լինի ինքն իր ուսուցիչը։ Այսօր խոսում են այն մասին, որ առաջիկայում մարդիկ ստիպված են լինելու հաճախակի փոխել իրենց մասնագիտացումը, աշխատանքը, քանի որ բազմաթիվ աշխատատեղեր ավտոմատացման արդյունքում փակվելու են։

Հայաստանում չափահասների չսովորելն ուղղակիորեն ազդում է ոչ միայն կրթության իրավիճակի վրա, այլև բացասական ազդեցություն է ունենում մեր կյանքի որակի վրա։

Նախ՝ չսովորելը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։ Գիտնականների կողմից ապացուցված է, որ անընդհատ սովորող մարդիկ ավելի պաշտպանված են ուղեղի հետ կապված մի շարք հիվանդություններից։ Հետազոտություններից մեկում գիտնականները շուրջ 20 տարի հետևել են մարդկանց երկու խմբի։

Խմբերից մեկի անդամներն անընդհատ սովորել են՝ գրքեր են կարդացել, օտար լեզուներ սովորել, մտավոր վարժանքներ կատարել, դասընթացների մասնակցել։ Մյուս խմբի անդամները որևէ ուսումնական գործունեության մեջ ներգրավված չեն եղել։

Երբ խմբի անդամները դարձել են 70 տարեկան, պարզվել է, որ չսովորողների զգալի մասն ունի ուղեղի հետ կապված հիվանդություններ՝ դեմենտիա, Ալցհեյմեր և այլն։ Հայաստանում, ցավոք, շատ քիչ է խոսվում այն մասին, որ սովորելն օգտակար է առողջության համար։ Հակառակը՝ կա կարծրատիպ, որ սովորող, գիրք կարդացող մարդիկ «ցնդած» են։ Իրականում որոշ մարդկանց մոտ նկատվող նման երևույթներն ավելի շատ մեծամտության, չգնահատված լինելու, սովորածը չկիրառելու արդյունք են, քան թե՝ գիրք կարդալու։ Երբ սովորող մարդը համեստ է ու խոնարհ, նրան «ցնդելու» վտանգ չի սպառնում։

Բացասական մյուս հետևանքն այն է, որ չսովորող մարդկանց հասարակությունը չի կարող զարգանալ։ Երբ չափահաս մարդիկ չեն սովորում, նրանց ուղեղն արագ է ծերանում։ Եվ քանի որ հասարակությունում որոշումները հիմնականում կայացնում են չափահաս մարդիկ, ապա կտրուկ ընկնում է քաղաքական, կառավարչական, տնտեսական որոշումների որակը, ինչն էլ ազդում է հասարակության զարգացման վրա։

Շատ մարդիկ, Հայաստանում ստանալով որոշակի ստատուս, պաշտոն, կոչում, դադարում են սովորել։ Մի մասը համարում է, որ ինքն արդեն ամեն ինչ գիտի։ Մյուսներն էլ պարզապես սովորելու ժամանակ չունեն։ Եվ հենց այս մարդիկ էլ որոշումներ են կայացնում կարևորագույն հարցերի շուրջ։

Միջազգային հետազոտությունները նույնպես խոսում են այն մասին, որ Հայաստանում չափահասների կրթության վիճակը բարվոք չէ։ Օրինակ՝ Տաղանդի գլոբալ մրցունակության 2018 թվականի ինդեքսում ամբողջ կյանքի ընթացքում կրթության ցուցանիշով Հայաստանը 119 երկրների մեջ զբաղեցրել է 114-րդ տեղը։

Հեշտությամբ որակյալ կադրեր գտնելու ցուցանիշով էլ ընդամենը 108-րդ տեղում ենք, աշխատողների մասնագիտական զարգացման ցուցանիշով՝ 96-րդ։ Ընդհանրապես, այդ զեկույցի համաձայն, Հայաստանում մարդկային ներուժի զարգացումը շատ ցածր մակարդակի վրա է։ Մենք 119 երկրների մեջ մարդկային ներուժի զարգացման ցուցանիշով 106-րդ տեղում ենք։

Կարևոր է հասկանալ, որ սովորելը միայն աշակերտների և ուսանողների համար չէ։ Ժամանակակից աշխարհում սովորելը պետք է հավասարեցնենք սնվելուն՝ այն դարձնելով մեր կյանքի ամենօրյա ուղեկիցը։ Ապացուցված է, որ լավ սովորեցնելու համար պետք է ինքդ սովորող լինես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս