Բաժիններ՝

«Ես կարծում եմ` կոպիտ չէինք խոսում միմյանց հետ». Դավիթ Հարությունյան

«Ես կարծում եմ` կոպիտ չէինք խոսում միմյանց հետ, սա մասնագիտական բանավեճ է, և որևէ զարմանալի բան չկա այդտեղ: Առավել ևս՝ անձնական խնդիրներ չկան այդտեղ»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում սուր բանավեճից և կառավարության նախագիծը բացասական եզրակացության արժանանալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին ինքը և հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը միմյանց հետ կոպիտ խոսում, և արդյոք անձնական խնդիր կա՞ նրանց միջև:

Նկատենք, որ հանձնաժողովի նիստը բավականին երկար տևեց, և պատգամավորներից ոմանք լրագրողների հետ մասնավոր զրույցում դժգոհություն էին հայտնում, որ կարող են անձնական խնդիրներն այլ վայրում լուծել:

Դ.Հարությունյանն ընդունեց, որ մասնագիտական հարթությունում Կոստանյանը հաղթանակ տարավ, քանի որ հանձնաժողովը միաձայն պաշտպանեց նրա դիրքորոշումը: Նախարարն անկեղծացավ, որ իր համար անսպասելի էր այս ելքը, և իրեն չհամոզեցին, որ իր դիրքորոշումը սխալ է:

Հարցին, որ կասկածի տակ դրվեց նախարարի մասնագիտական ունակությունները, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Դա նորմալ է, որովհետև նույնն էլ անում էի ես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս