Բաժիններ՝

«Վրաստանը տեղ չունի ՆԱՏՕ-ում». Նինո Բուրջանաձե

Չլուծված տարածքային հակամարտություններ ունեցող Վրաստանին չեն ընդունի ՆԱՏՕ, իսկ անցկացվող համատեղ վարժանքները հրահրում եւ չարացնում են Ռուսաստանին: Այս կարծիքը հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն։ Բուրջանաձեն վրացական խորհրդարանի խոսնակն է եղել նախագահ Սահակաշվիլիի կողմից երկրի կառավարման ժամանակներում:

Զատվելով նրանից՝ քաղաքական գործիչն ստեղծել է «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը: Ընդ որում նրա կուսակցությունը չի կարողացել խորհրդարանում հայտնվել ո՛չ 2012, ո՛չ 2016 թվականների ընտրությունների արդյունքներով:

Բուրջանաձեն մտադիր է պայքարել նախագահական ընտրություններում, որոնք անցկացվելու են 2018 թվականի աշնանը: «ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի այն երկրին, որի տարածքում չլուծված երկու հակամարտություն կա, եւ դա պարզ ու հստակ հասկանում են բոլորը»,-հայտարարել է Բուրջանաձեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Վրաստանի համար «վնասակար է խոսել անդամակցության մասին, հենց միայն այն բանի համար, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը նշանակում է հրաժարվել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից»:

«Օրինակ, կարելի էր տարատեսակ վարժանքներ անցկացնել վրացական բանակը մարզելու համար, բայց այնպիսի զորավարժություններ անցկացնելը, որոնք բացահայտորեն հրահրում են Ռուսաստանին, դա չէ որ պարզապես վնասարարություն է: Երբ դու ամերիկյան տանկերն ամերիկյան դրոշներով մտցնում ես կենտրոնական մայրուղի, որտեղից 500 մետր հեռավորությամբ կանգնած են ռուսական տանկերը, դա ինչ է, խելացի՞ բան է… Երբ դու Անկախության օրվա առթիվ շքերթ ես սկսում ամերիկյան նվագախմբով, ամերիկյան երաժշտությամբ, դա անկախության ցուցանի՞շ է: Թե այն բանի ցուցանիշը, որ դու քեզ Ամերիկայի ինչ-որ նահա՞նգ ես համարում»,-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս