
Telegram-ի օգտատերերը հաղորդում են մեսենջերի աշխատանքում խափանումների մասին

Telegram մեսենջերի աշխատանքում մարտի 5-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում զետեղված տվյալները, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Խափանումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով մոտավորապես 13:00-ին: Օգտատերերն ամենից շատ խնդիրներ են ունենում Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Էստոնիայում եւ Ֆինլանդիայում: Խափանումների մասին հաղորդում են նաեւ Ֆրանսիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Գերմանայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի օգտատերերը:
Ռուսաստանում մեսենջերի աշխատանքում խափանումներից գանգատվում են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչները: Օգտատերերը խնդիրներ են ունենում մեսենջերին միանալիս (44 տոկոս), հաղորդագրություններ առաքելիս եւ ստանալիս (26 տոկոս) եւ հեղինակազորելիս (28 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: