Իտալիայի ընտրություններում հաղթել են «Լիգայի» գլխավորած աջ կենտրոնը եւ «5 աստղերի» շարժումը»
Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթողներ են դարձել աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Մատեո Սալվինիի «Լիգայի» գլխավորությամբ, եւ «5 աստղերի» շարժումը»:
Պաշտոնական արդյունքների համաձայն, որոնց հաշվումն ավարտին է մոտենում ՆԳ նախարարությունում, որն Ապենիններում կատարում է ընտրական հանձնաժողովի գործառույթները, աջ կենտրոնամետ կոալիցիան հավաքում է ձայների 37 տոկոսը, «5 աստղերի» շարժումը»՝ 32 տոկոսը։ Աջ կենտրոնամետ կոալիցիայում, որի մեջ մտնում է Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա»-ն, առաջատար կուսակցությունը դարձել է «Լիգա»-ն՝ ձայների գրեթե 18 տոկոսով:
Այդ «պատմական» արդյունքը, ինչպես այն գնահատել են «Լիգա»-ում, գրեթե հավասարվել է ձայների այն քանակության հետ, որոնք հավաքել է ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ) (19 տոկոս), «Հառա՜ջ, Իտալիա»-ն ստացել է ձայների 14 տոկոսը: Երեքտոկոսանոց արգելքը դժվար թե հաղթահարեն «Ազատներն ու հավասարները», որոնք ժամանակին դուրս են եկել ԴԿ-ից: Առայժմ այդ արգելքը չի հաղթահարել ԱԳ նախկին նախարար եւ նախկին եվրակոմիսար Էմմա Բոնինոյի «+ Եվրոպա» կուսակցությունը, որը մնում է 2,6 տոկոսի մակարդակի վրա:
Ընդ որում՝ այդ տվյալները գործնականում համընկնում են խորհրդարանի ստորին եւ վերին (Սենատ) պալատների համար, որոնց ընտրություններն անցկացվել են երկու տարբեր քվեաթերթիկներով: Շարունակվում է միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների արդյունքների հաշվարկը: Առայժմ հաստատված է Բոլցանոյում ԴԿ-ի քարտուղարի եւ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի մերձավոր զինակցի՝ Էլենա Մարիա Բոսկիի ստորին պալատում ընտրվելը 41 տոկոսով:
Մասնակի արդյունքների համաձայն, «5 աստղերի» շարժման» առաջնորդ Լուիջի դի Մայոյի թեկնածության օգտին Պոմիլյանո դ՛Արկո հարավային քաղաքի նրա ընտրատարածքում տրվել է ձայների ավելի քան 70 տոկոսը: «5 աստղերի» շարժումից» առանձին թեկնածուներ Սիցիլիա կղզում ստացել են ձայների ավելի քան 40 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: