Թիմուր Ուրազաևը՝ Արմեն Սարգսյանի մասին
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն այսօր հայ-ղազախական հարաբերություններին նվիրված ասուլիսի ընթացքում շնորհավորեց հայ գործընկերներին սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման, ինչպես նաև Հայաստանի նոր նախագահ ընտրելու կապակցությամբ: Նա նկատեց, որ երկու երկրներն էլ զուգահեռաբար անցնում են սահմանադրական բարեփոխումների փուլով:
«Ղազախստանում դրանք պարզապես ձգձգված են ժամանակի առումով, իսկ Հայաստանը 2015 թվականի դեկտեմբերին միանգամից սկսեց այդ գործընթացը, որը, կարծում եմ՝ շատ շուտով կավարտվի, և ես համոզված եմ, որ արդեն նոր պայմաններում երկրի կառավարությունը և պետության ղեկավարը միանշանակ կպահպանեն շատ կայուն և գործընկերային երկկողմ հարաբերությունները: Ես վստահ եմ՝ մենք շատ ավելիին կհասնենք, քանի որ տեղում չեն մնում ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարաբերությունները»,- ասաց դեսպանը։
Նա նկատեց, որ քաղաքական համագործակցության դրական ընթացքի վերաբերյալ որևէ կասկած լինել չի կարող՝ հիշեցնելով, որ Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և մասնավորապես ասել, որ Աստանայի և Երևանի միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններն այսուհետ ևս շարունակելու են զարգանալ հօգուտ երկու երկրների` Արմեն Սարգսյանի ակտիվ աջակցության շնորհիվ։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել՝ 90, դեմ՝ 10 պատգամավոր: