«Եվրոպան և ԱՄՆ-ը խախտել են միջուկային գործարքի պայմանները և չեն կարող պայմաններ թելադրել Իրանին». Զարիֆ
Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ուստի իրավունք չունեն պայմանները թելադրել Իրանին: Այս կարծիքը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է Etemaad թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 5-ին` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանի՝ Իսլամական Հանրապետություն այցի նախաշեմին։
«Այսօրվա դրությամբ երկու կողմերը խախտել են միջուկային գործարքի պայմանները՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան: Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, իսկ եվրոպացիները՝ Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով»,-ասել է նա:
Զարիֆը նշել է, որ Եվրոպայի պետությունները չկարողացան կատարել պայմանագրի իրենց մասը, այդ թվում՝ բանկային հատվածում, ուստի ո՛չ նրանք, ո՛չ ԱՄՆ-ը «չեն կարող պայմաններ թելադրել այն երկրին, որը մինչեւ վերջ կատարել է իր պարտավորությունները»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: