
Սահակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մինչև տարեվերջ իշխանության վերադառնալ Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
«Մենք պետք է իշխանության վերադառնանք արդեն 2018 թվականին: Ինչպե՞ս ենք դա անելու: Մենք պետք է շահենք նախագահական ընտրությունները եւ այդ ֆոնին տապալենք Իվանիշվիլիի (Բիձինա Իվանիշվիլի, նախկին վարչապետ, միլիարդատեր, որին ընդդիմությունը համարում է Վրաստանի իրական ղեկավարը) կառավարումը, կործանենք նրա ֆեոդալական արքունիքը»,- հայտարարել է Սահակաշվիլին ՄԱՇ-ի անդամներին հղած տեսաուղերձում, որը տարածել են վրացական ԶԼՄ-ները:
ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան, մարտի 5-ին լրագրողներին հայտարարել է, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ կոնսուլտացիաներն արդեն ընթանում են, բայց չի ճշտել, թե հատկապես որ կուսակցությունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: