Բաժիններ՝

«Շատ հստակ էր ՀՀ նախագահի ձևակերպած խնդիրը». տնտեսագետ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի և ազդեցություն ունենա յուրաքանչյուր քաղաքացու վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը նշեց, որ այս պայմաններում ՀՀ կառավարությունն իր գործունեությունն ուղղելու է բնակչության բարեկեցության բարձրացմանը, որի համար պետք է գտնվեն բավարար մեխանիզմներ:

«Շատ հստակ էր ՀՀ Նախագահի ձևակերպած խնդիրը, որ տնտեսական աճն ի վերջո պետք է նպաստի տնտեսական զարգացմանը, իսկ դրա բաղադրիչներից մեկն այն է, որ հասարակության յուրաքանչուր անդամ իր մաշկի վրա զգա, որ այդ աճն արձանագրվել է»,-ասաց նա` հավելելով, որ եկամուտների գերբևեռացման պայմաններում տնտեսական աճի ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա միանշանակ չի բնութագրվում: Մյուս կողմից` նախորդ երկու տասնամյակների երերուն տնտեսական աճն ու 2009-ին ընդհուպ մինչև 14 տոկոս անկումը զգալի կորուստների են բերել տնտեսության ներուժի գործադրման իմաստով:

Հայկ Սարգսյանը տնտեսական աճի ներառականության ապահովումը տեսնում է բյուջեից սնվող հատվածի` կենսաթոշակառուների, պետական աշխատողների եկամուտների ավելացման մեջ: Դրան զուգահեռ պետք է նաև մասնավոր հատվածը կարողանա վարձու աշխատողների խնդիրը համաչափ լուծել:

Անդրադառնալով այն հարցադրմանը, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ սոցիալական ծախսերի ավելացում, ինչպե՞ս հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի ներառականությունը, Հայկ Սարգսյանը նշեց, որ տնտեսական զարգացումը բերում է հնարավորությունների ավելացման, որի պայմաններում յուրաքանչյուրը կարող է գուցե ոչ բյուջեից, բայց եկամուտների աճ ունենալ:

Կարդացեք նաև

«Ես կարծում եմ, որ զարգացման այդ դրվածքը` ներդրումների ճանապարհով արդյունքի ավելացումը, որը կբերի բյուջեի միջոցների ավելացման, առաջացած խնդիրները լուծելի կդարձնի առաջիկա տարիներին: Ի դեպ, դրա այլընտրանքը չկա, ներդրումները պետք է լինեն անընդհատ և ցանկալի է` ՀՆԱ-ի առնվազն մեկ հինգերորդի չափով»,-ավելացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:

Հայկ Սարգսյանի համոզմամբ` այո, հայտարարվածի պես մինչև 1 միլիարդ դոլարի ներդրումներ եղել են ՀՀ տնտեսությունում նախորդ տարի, բայց արդյո՞ք դա բավարար է. նրա կարծիքով` ոչ:

«Մեր ներդրումները պետք է ընդհուպ մինչև երկու անգամ գերազացնեն պլանավորված շեմը, որպեսզի ունենանք այդ նույն 7 տոկոս և ավելի տնտեսական աճը: Եթե այդ տնտեսական աճը մի քանի տարիներին շարունակական լինի, շատ խնդիրներ կլուծվեն: Երբ բազան փոխվում է, այդ 7 տոկոսը նոր շեմ է դառնում ավելի մեծ հնարավորությունների համար: Իսկ այդ հնարավորություններն, ինչպես նշեցի, կան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները: Նա ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս