«Ծնողներից արդեն բողոքներ ենք ստանում, որ «Синий кит» կամ «Тихий дом» խաղերը ներթափանցել են նաև Հայաստան». հոգեբան Սամվել Խուդոյան
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ, անդրադարձան կարողանո՞ւմ է արդյոք հայկական հեռուստատեսությունը երեխաների համար ապահովել որակյալ և ճիշտ հաղորդումներ ու մուլտֆիլմեր հարցին, խոսեցին նաև այսօրվա հեռուստատեսության դրական և բացասական կողմերի մասին:
«Մի ժամանակ հայկական իրականության մեջ մանկական հեռուստաալիք կար, որը բավական լավ որակով և բովանդակությամբ հաղորդումներ էր պատրաստում մանկահասակ և դեռահաս լսարանի համար, բայց ինչպես գիտենք՝ այդ հեռուստաալիքը փակվեց: Հիմա որոշակի հեռուստաալիքներ այս կամ այն ձևաչափով անդրադառնում են մանկական հաղորդումների ֆորմատին, ինչպես նաև՝ կաբելային հեռուստաալիքներին միանալու հնարավորություն ունեցողները նույնպես կարող են օգտվել մի քանի մանկական հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումներին:
Հատկապես դեռահասները շատ են սիրում «Nickelodeon» հեռուստաալիքը, որտեղ, ի տարբերություն «Da Vinci» և «TSV» հեռուստաալիքների, ավելի շատ տիրում են սիստեմատիկ հեռարձակվող աբսուրդ ու ագրեսիվ բովանդակությամբ հագեցած մուլտֆիլմերը:
Ուզում եմ տեղեկացնել, որ մանկական հոգեբանության վրա խիստ բացասական հետք է թողնում ոչ միայն ագրեսիա, այլ նաև՝ հատկապես աբսուրդ բովանդակություն պարունակող այնպիսի մուլտֆիլմերի հեռարձակումը, որտեղ, օրինակ, շունը կարող է ամուսնանալ կապիկի հետ, որից կծնվեն, օրինակ, կատուներ: Նմանատիպ բովանդակությամբ մուլտֆիլմերը խիստ վնասում են մանկահասակ երեխաների հոգեբանական բնականոն զարգացման ընթացքը»,- ասում է հանդիպման բանախոս, հոգեբան Սամվել Խուդոյանը:
Անդրադառնալով հայկական հեռուստաալիքներով նկարահանվող մանկական հաղորդումների որակին՝ բանախոսն առանձնացնում է.
«Մի հաղորդում կա, որ նկատել եմ՝ եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաընկերություններից մեկով, կոչվում է՝ «Առանց խոսքի»: Իսկապես այս հաղորդման ընթացքում խոսքեր չկան՝ տարօրինակ ձայներով աղջիկներ ու տղաներ իրար են հրմշտում, և այլն: Այլ կերպ ասած՝ բավականին անհասկանալի բովանդակությամբ մի հաղորդում է, որից ես չգիտեմ՝ ի՞նչ պետք է քաղի երեխան: Այնինչ աշխարհում այնքան հաջողված, արդյունավետ և օգտակար մանկական հաղորդումների օրինակներ կան՝ լեզվի ուսուցման և այլ թեմաներով, որ ցանկալի կլիներ՝ մենք էլ ունենայիք»:
Բանախոսը նկատում է՝ այս տարիքում շատ կարևոր դեր են խաղում հոգեբանամանկավարժական հաղորդումները, որոնք ոչ միայն՝ ուղղված են երեխաների դաստիարակման խնդրին, այլև հատկապես ծնողներին՝ ծանոթացնելով նրանց դաստիարակչական այն միջոցներին, որոնց բացը սարսափելի առկա է ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով չվերահսկվող ինֆորմացիայի հոսքին, որ գալիս է համացանցից և հեռուստաեթերներից, հոգեբանը նկատում է՝ հարկավոր է համակերպվել խնդրին, որովհետև ինֆորմացիայի տարերային հոսքը վերահսկել հնարավոր չէ: Դա պետք է անի ծնողը՝ պարբերաբար և խիստ վերահսկողության սահմանելով ինտերնետից օգտվող ու հեռուստաէկրանների առջև ժամանակ անցկացնող դեռահասների հետ իր շփումներում. «Ծնողներից արդեն բողոքներ ենք ստանում, որ «Синий кит» կամ «Тихий дом» խաղերը ներթափանցել են նաև Հայաստան, մինչև այժմ դրանք մեր իրականության մեջ դեռ չկային: Սրանք խիստ բացասական հետևանքներ կարող են թողնել մանկահասակ և դեռահաս երեխաների հոգեբանական զարգացման վրա, որը, հետևաբար՝ ծնողների կողմից բավական ինտենսիվ վերահսկողության կարիք կսահմանի»: