Մահվան խմբերը՝ համացանցում
«Լսե՞լ ես կապույտ կետի ձայնը, նա կարթնացնի քեզ ժամը 4:20-ին և կտանի խաղաղ տուն»:
Առաջին հայացքից անմեղ թվացող այս արտահայտութունը բազմաթիվ երեխաների կյանքեր է խլել: Վերջին ժամանակներս մեծ աղմուկ հանած «կապույտ կետ», «խաղաղ տուն», «արթնացրու ինձ 4:20-ին» կոչվող «մահվան խմբերը» տարածվում են հատկապես ռուսական «Վկոնտակտե» (Вконтакте) սոցիալական կայքի միջոցով: Մահաբեր խաղերի թիրախը երեխաներն ու դեռահասներն են:
Ռուսաստանում խաղի պատճառով 2015թ.-ի նոյեմբերից 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում 130 անչափահաս է ինքնասպան եղել:
Վստահաբար, օգտատերերից շատերը կայքի նորությունների ցանկում տեսած կլինեն կետերի մասին հեշթեգերն ու լուսանկարները: Խաղն աշխատում է հետևյալ մեխանիզմով. օգտատերը հեշթեգի միջոցով գրում է բանալի բառերը՝ #կապույտ կետ (#синийкит), #խաղաղ տուն (#тихийдом), #ես խաղի մեջ եմ (#явигре) և այլն, այնուհետև ստանում է հաղորդագրություն, որ արդեն խաղի մեջ է և խաղից դուրս գալու ելք չկա: Ամեն անգամ ժամը 4:20-ին երեխաներին տարբեր խաղեր են առաջարկում` պարբերաբար նաև՝ ինչ-որ դեստրուկտիվ առաջադրանքներ տալով:
Սկզբում հանձնարարությունները բավական անմեղ են, օրինակ՝ նկարիր ձեռքիդ կետ կամ գրիր դաստակիդ բանալի բառերը, լուսանկարիր և ուղարկիր մեզ, բայց աստիճանաբար հաձնարարությունները փոխվում են՝ անցնելով անմեղ խաղ լինելու սահմանները: Հաջորդիվ խաղացողից պահանջում են ամբողջ օրը դիտել միայն սարսափ ֆիլմեր, կտրել երակներն ու լուսանկարել, ածելիով ինչ-որ գրառում կատարել ձեռքին, և այլն: Կատարելով բոլոր հանձնարարությունները՝ խաղացողը 50 օր հետո պետք է վերջ տա իր կյանքին:
«Վկոնտակտե» սոցիալական կայքը մեծ տարածում ունի նաև Հայաստանում, այդ իսկ պատճառով փորձեցինք պարզել՝ արդյո՞ք կայքում գրանցված հայ օգտատերերը ևս հետաքրքրված են նմանատիպ խաղերով:
Նմանատիպ խմբերն ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ մեծ թվով հայ օգտատերեր ունեցող կայքում շատ քիչ թվով հայեր են նմանատիպ խմբերի անդամ հանդիսանում: Ստուգելով խմբերի անդամ հայերի անձնական էջերը՝ պարզ դարձավ, որ նրանք պարզապես պասիվ հետևորդներ են: Եվ, չնայած դրան, հայ օգտատերերը ծանոթ են այս խաղերին:
Բազմաթիվ հարցվածներից միայն 13-ամյա Նորայրն էր փորձել խաղալ այն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շատ է համակարգչային խաղեր խաղում, իրեն գրավել է խաղի պոպուլյարությունը, և ցանկացել է փորձել: Սկզբի մի քանի հանձնարարությունները կատարել է, բայց հետո, երբ պահանջել են ածելիով ձեռքին գրառումներ անել՝ չի արել, վախեցել է ու ջնջել էջը: Ասաց, որ հաղորդագրություն-հանձնարարությունները ստացել է ոչ թե ժամը 4:20-ին, այլ տարբեր ժամերի: Իրականում, հեշթեգերի միջոցով ցանկացած մեկը, ով, գուցե և կապ չունի խաղի կազմակերպիչների հետ, կարող է կապ հաստատել խաղացողների հետ: Այսինքն՝ ցանկացած մեկը կարող է հանձնարարություններ տալ, և այդ իսկ պատճառով գործնականորեն անհնար է գտնել խաղի բոլոր կազմակերպիչներին:
Հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը գտնում է, որ այս ամենը չի սպառնում հայ երեխաներին.
«Այս խմբերը լայն տարածում չունեն Հայաստանում, քանի որ մեր երեխաներն ավելի պրագմատիկ են և ռեալիստ, բացի այդ, ավելի հասուն են ամեն ինչին նայում: Նմանատիպ խաղերը երեխաներին գրավում են իրենց խորհրդավորությամբ, մեծ նշանակություն ունի նաև ընտանիքում տիրող մթնոլորտը, ծնողների հետ հարաբերությունները: Բարեբախտաբար, մեզ մոտ նման դեպքեր չեն գրանցվել, իսկ վերջերս մեր կատարած հետազոտության համաձայն` պարզվել է, որ հայ երեխաների մեծամասնությունը լավ հարաբերություններ ունի ծնողների հետ: Այնուամենայնիվ, ծնողները պետք է ուշադիր լինեն՝ երեխայի տրամադրությունները հասկանալու համար»:
Ներկայումս Վկոնտակտե (Вконтакте) սոցիալական ցանցի ադմինիստրատորները փորձում են պայքարել խաղի դեմ, եթե հիմա փորձեք գրել նմանատիպ հեշթեգեր, ապա ձեր անձնական էջը միառժամանակ կարգելափակվի:
Կայքում սկսել է գործել նաև «Քո տիրույթը» («Твоя теретория») պրոյեկտը, որն օնլայն ռեժիմով հոգեբանական օգնություն է ցուցաբերում նման խմբերից օգտվող անձանց, պատասխանում ծնողների հարցերին և տեղեկատվություն տրամադրում:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
«Չեմ կարծում, որ նման խաղերը Հայաստանում տարածում ունեն: Մոտ կես տարի առաջ մեծ աղմուկ եղավ, որ այդ խաղերը դուրս են եկել Ռուսաստանի սահմաններից, այդ ժամանակ մամուլը շատ էր գրում այդ խաղերի մասին, և երեխաների մեջ կար հետաքրքրություն: Իրականում մեծ հարց է՝ այդ խաղը գոյություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ բոլորը փորձում են խաղալ, որովհետև լսել են, որ նմանատիպ խաղ կա, և այդ փորձերով փաստացի խաղը դարձնում են իրական:
Այդ խաղերը տարածվում են հեշթեգերի միջոցով, և ցանկացած մարդ կարող է գտնել խաղացողի, մեծ հարց է, թե ընդհանրապես կա՞ կազմակերպիչ, միգուցե այն կողմում պարզապես երեխա՞ է նստած, ով միստիկ հետաքրքրություններ ունի: Տեսականորեն կարելի է նմանատիպ բազմաթիվ խաղեր տարածել, բայց պրակտիկորեն դա չի երևում: Խնդիրը խաղերը չեն, այլ այն, որ այդ երեխաներն ունեն ինչ-որ խնդիրներ, դեպրեսիաներ, չհասկացվածություն և այլն, և խաղը կարող է այդ ամենի վերջին կաթիլը լինել: Նմանատիպ խաղերով անհնար է նորմալ երեխային ինքնասպանության հասցնել: Չկան ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր լինի արգելափակել այդ խաղերը, քանի որ դա բովանդակություն չէ, այլ տարածվում է սոցկայքերում չատերի միջոցով»:
Սամվել Խուդոյանը դեռահասների ծնողներին զգուշացնում է, որ երեխաների անկանոն և ուշ քնելը առհասարակ կարող է նպաստավոր միջավայր ստեղծել ինքնասպանության մտքերի համար. սուիցիդալ մտքեր և դեպրեսիվ տրամադրություններ ունեցող դեռահասների մեծ մասի մոտ բացահայտվել են քնի խանգարումներ: «Այդ խանգարումներն ավելի հաճախ ոչ թե կապված են ինչ-որ լուրջ խնդիրների հետ, այլ ուղղակի իրենք` դեռահասներն են ուշ քնում: Այս հանգամանքի վրա ծնողները պետք է ուշադրություն դարձնեն և թույլ չտան, որ դեռահասները ուշ քնեն»,- ասում է նա:
Շուշան Ստեփանյան