Հայաստանում արտադրված դեղերը որակապես չեն զիջում ներմուծված դեղորայքին. մասնագետների կարծիքներ

Հայաստանում շրջանառվող դեղերի 7-8 տոկոսը տեղական արտադրության է, մնացածը ներմուծվում է տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանն ասաց, որ Հայաստանում արտադրված դեղերը արտահանվում են Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան եւ Վրաստան: «Հայաստանը հանդիսանում է դեղեր ներմուծող երկիր: Շուկայում շրջանառվող դեղերը հիմնականում ներմուծվում են տարբեր երկրներից` Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից եւ այլն»,-ասաց նա:

ՀՀ ԱՆ աշխատակազմի Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի խոսքով` Հայաստանում գործում է տեղական հինգ դեղարտադրող:

«Դեղերի մասին օրենքը պահանջում է, որ տեղական դեղարտադրողներն ունենան պատշաճ արտադրական գործունեության պայմաններին համապատասխան հավաստագրեր»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում դեղերը սկսած հումքից մինչև դեղի արտադրությունը պատրաստվում են օրենսդրական գործունեության կանոններին համապատասխան:

«Պատշաճ գործունեության հավաստագրերը դեղարտադրողներին իրավունք է տալիս ավելացնել իրենց արտահանման ծավալները եւ բարձրացնել դեղի որակը»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանում արտադրվող դեղերը որակապես չեն զիջում ներմուծվածներին:

«Պետական գնումներով երբ մրցույթ է հայտարարում, մեր գնումների շուրջ 20 տոկոսը զբաղեցնում են տեղական արտադրության դեղերը, որոնք համատարած բաժանվում են բնակչությանը` օրինակ հակադիաբետիկ, հոգեմետ դեղերը, եւ մենք ոչ մի խնդիր չունենք տեղական դեղարտադրության ոլորտում որակի հետ կապված»,-ասաց Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը:

Վարդուհի Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում արտադրված դեղերը ներմուծված դեղերին զիջում են միայն գնային առումով:

«Ներմուծման դեղորայքի գինը բարձրանում է ավելացված արժեքի հարկով պայմանավորված»,-հավելեց նա:

Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են: Դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են:

ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վերանայում և հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը:

Տեսանյութեր

Լրահոս