Սամվել Ֆարմանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի առաջադրումը պատիվ է համարում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանի առաջադրումը միայն պատիվ է բերում խորհրդարանական մեծամասնությանը:

«Նաև կարծում եմ, որ պարոն Կոստանյանին ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Կարող եմ ասել, որ նրա ամենաառանցքային հատկանիշը վառ արտահայտված պետական մտածողություն ունենալն է: Մի բան, որ իմ պատկերացմամբ պետականաշինության համար պահանջվում է պետական բարձր պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձից: Անզիջում պետական մտածողություն, որը շատ ավելի բարձր է և շատ ավելի բարձր նշանակություն պետք է ունենա, քան նույնիսկ որևէ թիմային կամ այլ շահերով առաջնորդվելու հնարավորությունը, որը բնութագրական է քաղաքական կյանքին»,- նշեց Ֆարմանյանը:

Նա հավելեց, որ պետականության այս փուլում խորհրդարանի կարևոր հանձնաժողոﬖերից մեկի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակումը կարող է երաշխավորել ոչ միայն հանձնաժողովի շահերի պաշտպանությունը, այլ նաև Ազգային ժողովի լիարժեք շահերի երաշխավորումը ապագա կառավարության հետ օրենսդրական աշխատանքի կազմակերպման հարցում:

Սամվել Ֆարմանյանը վստահություն հայտնեց, որ Գևորգ Կոստանյանը իր աշխատանքի ընթացքում առավել ուշադրություն կդարձնի ընդդիմադիր տարբեր գործիչների կողմից բերվող փաստարկներին:

Տեսանյութեր

Լրահոս