«Եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, պետք է Նիկոյանի ասածին հակադարձի». Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը գտնում է, որ այսօր ԱԺ նիստում «Ելքի» առաջարկած Մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագծին կողմ քվեարկելու ՀՀԿ-ի որոշման համար կա 2 դրդապատճառ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջինն այն է, որ ՀՀԿ-ն ասում է, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարևոր է, և չեն վախենում հարցը քննարկել, երկրորդը` ՀՀԿ-ականները միտումնավոր սլաքներն ուղղում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա:
«Պատահական չէ, որ իմ համար հարցերի հարցն այն է, թե այդ գիշեր ով հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ, որովհետև նաև ողջ միջազգային հանրությունն արձանագրեց, որ ոչ համաչափ ուժ է կիրառվել, և այդ գիշերով հրապարակ մտնելու կարիքը բացարձակ չկար, որովհետև ամսի 26-ից հետո գործընթացները գնում էին մարման, և դա ակնհայտ էր թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ ներքին գործերին, թե՛ Սերժ Սարգսյանին, և թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Եվ արդյոք այստեղ քաղաքական միտում կա՞ր»,- ասաց Ա.Սարգսյանը:
Ըստ նրա` հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն է որոշել դա` հետագայում իրենից ավելի թույլ նախագահ ունենալու և իր պահանջված լինելու խնդիրը լուծելու առումով. «Եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, պետք է Նիկոյանի ասածին հակադարձի»:
Ա.Սարգսյանի կարծիքով` Մարտի 1-ի քննարկումն ԱԺ-ում խնդիրը կտեղաշարժի:
Անդրադառնալով Նիկոյանի հայտարարությանը, որ «Ելքի» առաջնորդները շահագրգիռ չեն, որ Մարտի 1-ը բացահայտվի` իրենց քաղաքական PR-ի համար, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ես կզարմանայի, որ Սամվել Նիկոյանն ասեր` «Ելքի» լիդերները շահագրգռված են և ուզում են ճշմարտությունը բացահայտել: Իմաստը ո՞րն է, որ մենք չուզենք բացահայտվի: Չէ՞ որ մենք ինքներս ներկա ենք եղել, մեզանից շատերը դատվել են այդ գործընթացների ընթացքում և ուզում են, որ Դատախազության կողմից իրենց ներկայացվեն մեղադրանքները կամ դատավճիռները համարվեն անօրինական: Ես այստեղ դրդապատճառը չեմ տեսնում՝ մեր կողմից չբացահայտվելու առումով: Ա՛յ, իրենց կողմից չբացահայտվելու առումով՝ դրդապատճառները բազմաթիվ են»: