Ինչպես ստուգվել և կանխել շաքարային դիաբետը
Ըստ իր տարածվածության մակարդակի՝ Հայաստանում երրորդ տեղը գրավող շաքարային դիաբետը բնորոշվում է՝ որպես ոչ վարակիչ հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ տառապում է շաքարային դիաբետով, հիվանդացության տոկոսային հարաբերությամբ կազմում է 8.5 %, հիվանդությունը հատկապես խոցում է սոցիալապես անապահով երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:
2015-2016թթ. Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեր երկրում շաքարային դիաբետից տառապում է 82671 քաղաքացի, որոնցից.
– 1-ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը՝ 14350
– 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321
«Առողջ ապրելակերպ» խորագրի շրջանակներում իրականացված սկրինինգ միջոցառումները միտում ունեն նվազեցնելու հիվանդացության մակարդակը՝ բարձրացնելով ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների տեղեկացվածությունը հիվանդության և հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բուժհաստատություններում այսօր ևս շարունակվում են սկրինինգային անվճար հետազոտությունները թե՛ քաղաքային, և թե՛ գյուղական համայնքներում:
Առաջնային հիմնախնդիր է համարվում ՀՀ բնակչության շրջանում՝ ռիսկային դիաբետիկ գոտիներում գտնվող անձանց հայտնաբերումը և վաղ հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև դիաբետով տառապող անձանց պարբերաբար կատարվելիք՝ անվճար հետազոտությունների ընթացակարգերը, կայունությունը, ինչպես նաև՝ վերջիններիս անվճար դեղորայքով ապահովումը: Հայաստանի Հանրապետությունում դիաբետի առաջին և երկրորդ տիպերով հիվանդներին տրամադրվում է դեղորայքի ողջ փաթեթը բացարձակապես ԱՆՎՃԱՐ:
– Արդյո՞ք հնարավոր է շաքարային դիաբետը բուժել ավանդական դեղաբույսերի միջոցով կամ թեկուզ թեթևացնել հիվանդի վիճակը:
– Շաքարային դիաբետը համարվում է քրոնիկ հիվանդություն, և անհնար է այն լիովին վերացնել: Ավանդական բժշկությունն ակտուալ բժշկության անբաժանելի մասնիկն է, սակայն լիովին ապավինել դեղաբույսերին՝ կտրականապես սխալ է: Շաքարային դիաբետը համարվում է ինսուլին հորմոնի և արյան շիճուկում՝ գլյուկոզայի քանակական փոխհարաբերության արդյունքում առաջացող նյութափոխանակության, էնդոկրին խանգարում:
Ինսուլինը բարդ սպիտակուցային կառուցվածքով հորմոն է, որը իր հերթին՝ կազմված է 51 A (ալֆա) ամինաթթուներից: Հորմոնները պրակտիկորեն անհնար է փոխարինել ցանկացած այլ օրգանական և անօրգանական նյութերով, հետևաբար՝ ապարդյուն է նաև ավանդական բժշկությանը լիովին ապավինումը: Սա կախված չէ հիվանդության բարդ կամ թեթև ընթացքներից, միևնույն է, ցանկացած տիպի դիաբետի ժամանակ ընդանում են ինսուլին-գլյուկոզային խանգարումներ, որոնք հետագայում կարող են հանգեցնել անդարձելի հետևանքների:
– Ինչպե՞ս կարելի է ճիշտ կազմակերպել կենսակերպը դիաբետի ժամանակ, և արդյո՞ք սննդակարգը և օրակարգը կարող են էական ներդրում ունենալ հիվանդության կանխարգելման գործում:
– Ցավոք, եթե արդեն իսկ առկա է շաքարային դիաբետ ախտորոշումը, այն այլևս երբեք չի հերքվի: Արդիական բժշկությունն առավել հակված է դիաբետն անվանել՝ կենսակերպ, այլ ոչ թե՝ հիվանդություն: Եթե մարդ կարողանում է հետևել սննդակարգին և վարել գրագետ, առողջ ապրելակերպ, կոմպենսացնելով գեղձի թերֆունկցիան, ապա անձը կհամարվի գործնականում առողջ:
Կանխարգելել դիաբետը միանշանակ հնարավոր է: Անհրաժեշտ է պարզապես պահել մարմնի զանգվածը նորմայի սահմանում և սկրինինգ միջոցառումների շնորհիվ իրազեկված լինել գլյուկոզայի քանակական փոխհարաբերության մասին արյան շիճուկում: Շատակերության հետևանքով առաջացած ճարպակալումը խթանում է հետագա դիաբետի առաջացումը՝ նպաստելով ինսուլյար ապարատի ատրոֆիային, դեգեներացիային և հետագա նեյկրոզին:
– Արդյո՞ք շատակերությունն ազդակ է շաքարային դիաբետի սկրինինգ հետազոտության համար.
– «Հավերժ քաղցի զգացում». հենց այս խորագրով են առաջնորդվում դիաբետով տառապող անձինք: Քաղցրակերությունը, մշտական բերանի լորձաթաղանթում չորությունը, անհագ ծարավը, բարձր միզարձակության մակարդակը, հոգնածությունը, բարձր քրտնարտադրությունը և այլ բազմաթիվ երևույթներ նախազգուշացնում են դիաբետի հնարավոր վտանգի մասին:
Մշտապես քաղցի զգացողությունը կոչվում է Աֆագիա: Միայն քաղցի զգացողությամբ չենք կարող ախտորոշել դիաբետ: Տարօրինակ քաղցի զգացողությունը բնութագրական է նաև այլ հիվանդությունների համար, ինչպիսիք են, օրինակ՝ գաստրիտը, խոցային հիվանդությունը և փսիխո-սոմատիկ այլ հիվանդություններ:
Եթե քաղցն ուղեկցվում է դողով, քրտնարտադրությամբ և նույնիսկ՝ ուշագնացությամբ, ակնհայտ կերպով իրավիճակը բնութագրվում է՝ դիաբետ, բայց ևս մեկ անգամ հնարավոր է սկրինինգ հետազոտության միջոցով հաստատել կամ ժխտել դիաբետի առկայությունը:
Մի խոսքով, տարօրինակ քաղցն ազդակ է էնդոկրինոլոգին դիմելու համար:
– Ինչպե՞ս հետազոտվել և կանխել շաքարային դիաբետը, ինչպե՞ս իրականացնել դիաբետի սկրինինգ հետազոտություն ՀՀ առողջապահական համակարգում:
– Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրեր իրականացումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության օղակի բոլոր բուժհիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Սեյրան Սահակով