«Ես չեմ լսել դեպք, որ որևէ բիզնեսմեն դեսպանների միջոցով եկել է Հայաստան, հետ է գնացել». փոխնախարար
Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանի հետ
– Պարոն Հարությունյան, կառավարության նախորդ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման խնդրին։ Ի՞նչ է արվել անցած տարվա ընթացքում։
– Մենք համապատասխան որոշումների հիման վրա նախաձեռնեցինք և ստեղծեցինք միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը քննարկեց, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնեն դեսպանները տնտեսական բաղադրիչի մասով, այսինքն՝ ինչ է դրա մեջ ներառվելու, ինչ խնդիրներ են դրվելու դեսպանների առջև, և ինչ ակնկալիքներ ունենք՝ որպես արդյունք, այդ տնտեսական բաղադրիչով իրենց կողմից կատարված աշխատանքների մասով, և ամենակարևորը, թե ինչպես ենք մենք գնահատելու, այսինքն՝ ինչ չափանիշերով կամ հայտանիշերով պետք է գնահատենք դեսպանների կատարողականը տնտեսական բաղադրիչում։
Այդ միջգերատեսչական աշխատանքային խումբը, որում, բացի ԱԳՆ-ից, ներառված են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության և մնացած շահագրիռ նախարարություններն ու գերատեսչությունները, մշակեց որոշում, որն ընդունվեց օգոստոսի 3-ին (թիվ 924 որոշում), որով սահմանել ենք այն երկրների ցանկը, որոնք մեզ համար նախնական փուլում համարվում են թիրախային։
Դա չի նշանակում, որ այլ երկրներով մենք որևէ տնտեսական բաղադրիչով գործառույթներ չենք իրականացնելու, բայց հիմնական շեշտադրումն անելու ենք այդ ցանկի վրա։ Որպեսզի այդ ցանկը սահմանենք, սահմանեցինք՝ ինչ չափորոշիչներով ենք ընտրում այդ երկրները, և արդյունքում՝ դուրս եկանք 14 երկրի վրա՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ, որոնց հետ ունենք աշխույժ առևտրային հարաբերություններ, կամ տեսնում ենք հեռանկարներ ներդրումների տեսանկյունից, նաև սփյուռքի առկայության խնդիրը կա, և այլն։
Հաստատեցինք նաև կատարման այն հայտանիշերը, որոնք դեսպաններին առաջադրելու ենք։ Ի՞նչ են դրանք ներառում. առաջինը՝ ընդհանուր իրավապայմանագրային դաշտի, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման հետ կապված՝ դեսպանների գործողություններ, հաջորդ բլոկը վերաբերում է կոնկրետ ներդրումների ներգրավմանը, որտեղ դեսպանի առջև դնում ենք հետևյալ հիմնական խնդիրը՝ ներդրողների հետ ձևավորել կոնտակներ, ցանց, շփումներ, և կարողանալ ներկայացնել Հայաստանը, ներդրումային հնարավորություններ, և ամենակարևորը՝ ապահովել այդ ներդրողի գալը Հայաստան։
Ինչո՞ւ ենք մենք դա անում։ Որովհետև ընդունված պրակտիկայում, եթե որևէ ներդրող որոշում է կայացնում գալ երկիր, ապա առնվազն կարող ենք ասել, որ նա 50%-ով որոշում կայացրել է, որ ներդրում կանի։ Եվ այդ տեսանկյունից մենք դեսպանի ֆունկցիան համարում ենք կատարված, որովհետև հետագայում, երբ ներդրողը եկավ Հայաստան, նրա հետ աշխատում է ոչ թե՝ դեսպանը կամ դեսպանությունը, այլ՝ համապատասխան գերատեսչությունը, նախարարությունը, և այլն։ Եվ ներդրողը վերջնական ներդրում կանի՞ Հայաստանում, թե՞ ոչ, այդ տեսանկյունից դեսպանի պատասխանատվությունը բավականին նվազ է, որովհետև դեսպանը կարող է իր գործը շատ լավ անել, ուղարկել ներդրողին Հայաստան, բայց Հայաստանում, կներեք, մենք չկարողանանք այնպիսի պայմաններ առաջարկել նրան, որ թողնի-գնա։ Դեսպանն այդտեղ ի՞նչ մեղք ունի։
Դրա համար կարևոր ցուցանիշ դրել ենք, թե ինչքան ներդրող պետք է դեսպանը տարվա մեջ ուղարկի Հայաստան։ Ընդ որում՝ մենք գնահատում ենք այդ ներդրողների բովանդակությունը, էությունը, այսինքն՝ նա չի կարող լինել զուտ դեսպանի ընկերը, որին ինքն ուղարկում է, կամ մարդ, որ ինքն իրեն գալիս է Հայաստան, դեսպանն էլ ասում է՝ եկել է։ Ոչ։ Մենք ծրագիր առ ծրագիր, ներդրող առ ներդրող աշխատում ենք՝ համագործակցելով մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ։
Ու այդ տեսանկյունից գնահատում ենք՝ դեսպանի ուղարկած ներդրողն այն իսկական ներդրո՞ղն է, թե՞ ուղղակի մարդ է, որ եկել է Հայաստան։ Երկրորդ խնդիրը՝ դեսպանների առջև արտահանման տեսանկյունից ֆիքսում ենք, որ՝ դու պետք է գնորդների, դիստրիբյուտորների, առևտրային ցանցերի հետ կապեր հաստատես, աշխատանք տանես, ներկայացնես Հայաստանը, իսկ կապերը հաստատելուց հետո պետք է կազմակերպես հանդիպում արտահանում իրականացնող հայկական ընկերությունների և այդ ցանցերի միջև։ Դա էլ է չափանիշ, թե քանի հանդիպում պետք է կազմակերպվի տարվա մեջ։ Արտահանման ծավալը մենք չենք կարող դնել դեսպանի առջև՝ որպես ցուցանիշ, որովհետև դեսպանը կարող է հանդիպումը կազմակերպել, բայց գործարարները չպայմանավորվեն գնի, որակի, ծավալի, ժամկետների շուրջ։ Այստեղ նույնպես շատ կարևոր է, թե ինչ ենք տալիս դեսպաններին։ Մենք պետք է որոշակի առումով նրանց սնենք ճիշտ առաջարկներով, որպեսզի իրենք էլ հաջողեն։ Այսինքն՝ խնդիր կա, թե Հայաստանի ներսում ոնց ենք դա անում։ Ուստի դեսպանի առջև դնում ենք այն հայտանիշը, որը նա կարող է և պետք է անի, և կարող է պատասխանատվություն կրել դրա համար։
Երրորդ՝ զբոսաշրջության ոլորտում գործողությունները, օրինակ, դեսպանական երկրում սեմինարների, հանդիպումների կազմակերպում, որտեղ ինքը կամ Հայաստանից հրավիրված մասնագետը կներկայացնի ՀՀ-ն՝ որպես գործարարության համար վայր, ինչ հնարավորություններ կան, և այլն։
Այս ամենի հետ մեկտեղ՝ մենք պարտադրում ենք, որպեսզի բոլոր հանդիպումները, բոլոր ձևավորվող կապերը մուտքագրվեն CRM համակարգ (Create relationship management՝ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ), այսինքն՝ «հաճախորդների» բազա է ստեղծվում, և երևում է, թե որ դեսպանն ինչ ընկերության հետ հանդիպեց, ինչ պայմանավորվեց։ Այդ համակարգն ԱԳՆ-ում ձևավորված է, և ամբողջը մենք տեսնում ենք։ Եվ կարող ենք ասել, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում արդեն 74 ընկերության հետ տարբեր դեսպանատներ աշխատել են, և դրանք պոտենցիալ ներդրողներ, գնորդներ են, և այլն։ Այդ ինֆորմացիան փոխանցվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Զարգացման հիմնադրամ, որոնք կփորձեն մեր միջոցով կամ ուղղակի աշխատել ու գնալ առաջ։ 2018 թ. համար ԱԳ նախարարի հրամանով հաստատել ենք ըստ այդ հայտանիշերի դեսպանների համար թվային պլանը, թե ինչ պետք է անեն, քանի ներդրողի հետ պետք է աշխատեն, քանիսը պետք է գան Հայաստան, արտահանման քանի կոնտակտ պետք ձևավորեն, և այլն։
– Պարոն Հարությունյան, նախկինում նույնպես դեսպանները տնտեսական ուղղությամբ աշխատելու խնդիր ունեին, բայց փաստացի օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում տարեցտարի նվազում են։ Կարո՞ղ եք օրինակներ նշել, որ դեսպանների ջանքերով է տվյալ ներդրողը եկել Հայաստան, և արդյունք է եղել։
– Իհարկե, կան նման օրինակներ, որոշ ներդրողների հետ աշխատանքն այս պահին ընթացքի մեջ է, բայց դրա մասին հիմա չենք հայտարարում, որովհետև ներդրողները, որպես կանոն, բացասաբար են վերաբերվում, որ մինչև որոշում կայացնելն իրենց մասին պետությունն ասում է։ Եղել են դեպքեր, որ մենք ինչ-որ տեղ հայտարարել ենք, որ նման բան կա, որի պատճառով ներդրողը փոխել է իր մտադրությունը։ Այս դեպքում պետք է շատ նրբանկատ լինենք։ Կարող եմ նշել, օրինակ, որ վերջին 1-2 տարում չինական ընկերության հետ նախաստորագրվեց պղնձաձուլարանի կառուցման մասին համաձայնագիրը, որը նույնպես սկսվեց դեսպանությունից։ Ես չեմ ասում ամբողջ ընթացքի մասին, պարզ է, որ, երբ ներդրողին իդենտիֆիկացնում ենք և փոխանցում նախարարությանը, կամ գերատեսչությանը, կամ ընկերությանը, իրենք արդեն ավտոնոմ աշխատում են, իսկ դեսպանության գործը դրանից հետո հետևելն է, խնդրները քննարկելը։ Այս պահի դրությամբ կա ընկերություն, որ քննարկում է Հայաստանում 180 մլն դոլարի ներդրում անելու հարց, մեկ ուրիշը դեղագործական ընկերություն է ձևավորում, ընդ որում՝ շատ հետաքրքիր նորարարական դեղերի արտադրություն է լինելու, որ Հայաստանում չկար, կա հնդկական ընկերություն, որ բիոտեխնոլոգիաների ոլորտում ներդրում է արել, արդեն ընդլայնվում են, և այլն։
Օրինակներ կան, բայց խնդիրն այն է, որ հիմա դա ավելի կանոնակարգված է։ Այո, ճիշտ եք, դեսպանների առջև միշտ էր խնդիր դրված՝ տնտեսական բաղադրիչով գնալ առաջ, բայց ինչքանո՞վ ենք մենք կանոնակարգել, ուղղորդել կամ օգնել դեսպաններին, որպեսզի իրենց աշխատանքը ճիշտ անեն, դա չի եղել։ Հիմա մենք փորձում ենք ստեղծել այդ համակարգը, որի միջոցով դեսպաններն էլ կհասկանան, թե իրենցից ինչ է պահանջվում, և կբարձրացնեն արդյունավետությունը, մեզ համար էլ չափելի լինի։ Ես ավելի քան վստահ եմ, որ 2018 թ.-ին այս համակարգով մեզ մոտ շատ ակնհայտ կլինի դեսպանների աշխատանքի արդյունքը։
– Իսկ կա՞ն օրինակներ, որ դեսպանների ջանքերով ներդրողը եկել է Հայաստան, բայց այստեղ բիզնես միջավայրի, ստվերային տնտեսության և այլ խնդիրների պատճառով հրաժարվել ու գնացել է։
– Կան դեպքեր, երբ ընկերությունները գալիս են Հայաստան, բայց իրենց սպասումներն ավելի բարձր են լինում՝ շուկայի ծավալների կամ գործընկերոջ տեսանկյունից, քան մենք կարող ենք առաջարկել։ Կան ընկերություներ, որ գալիս են և ուզում են պետական երաշխիքներ ներդրումներ անելու համար, որ մենք չենք կարող տրամադրել։ Նման խնդիրներ են առաջացել։ Բայց ես չեմ լսել, որ բողոքեն ձեր նշած խնդիրներից։ Նախ՝ բիզնես միջավայրը մեզ մոտ բավականին դրական է, այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսել։ Ժամանակին խոսվում էր հարկային և մաքսային վարչարարության մասին, հիմա բավականին լուրջ բարելավումներ են տեղի ունենում, և դա նույնպես արձանագրվում է բիզնեսի կողմից ամենօրյա կտրվածքով։
– Իսկ կոռուպցիա՞ն։
– Ես չեմ լսել դեպք, որ որևէ բիզնեսմեն մեր միջոցով կամ դեսպանների միջոցով եկել է Հայաստան, հետ է գնացել, որովհետև ինչ-որ կոռուպցիոն խնդիրների կամ սխեմաների է բախվել։