«Լոռու մարզում մի գազալցակայան ամսական 300 դրամ էր վճարում աղբահանության համար». Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. առաջին անգամ համայնքներում մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարների գումարներ են հավաքագրել. «2018թ. մենք պլանավորել ենք այդ թիվը հասցնել 2 մլրդ 800 մլն դրամի, որովհետև դա կազմել է հավաքագրումների 40 տոկոսը միայն։

Այսինքն՝ մեզ մոտ ամբողջությամբ բաց էր իրավաբանական անձանց վճարումները։ Իրավաբանական անձը՝ ռեստորանը, գազալցակայանը, արտադրական ձեռնարկությունը և այլն, մեծամասնությամբ պայմանագիր չունեին համայնքի հետ և վճարումներն օրինական չէին իրականացնում։ Միայն 2017թ. ընթացքում մարզպետների և համայնքապետերի ջանքերով 18 հազար պայմանագիր ենք ունեցել ամբողջ երկրում՝ առանց Երևան քաղաքի։ Այդ գումարները հիմա գնում են ուղիղ համայնքի բյուջե»։

Նախկինում, ըստ նախարարի՝ իրավաբանական անձինք աղբահանության համար կամ չէին վճարում՝ պայմանագիր չունենալու պատճառով, կամ շատ ցածր դրույքաչափով էին վճարումներ կատարում. «Լոռու մարզում մի գազալցակայան ամսական 300 դրամ էր վճարում աղբահանության համար։ Պատկերացրեք՝ մեկ բնակիչը վճարում է 200 դրամ, իսկ գազալցակայանը՝ 300։ Սա մեր համայնքներում պայմանագրային ձևերի բացակայության խնդիր էր»։

Լոքյանն ասաց, որ մարզերի բնակիչները մոտավորապես 25 -30 տոկոսի չափով են վճարել աղբահանության գումարները. «Ենթադրենք՝ քաղաքացին պետք է վճարի 100 դրամ, այդ բնակավայրում կա մոտ 10 հազար բնակիչ, վճարել է այդ բնակիչների 30 տոկոսը, մնացածը չի հավաքագրվել, և համայնքն այդ ծախսերն իրականացրել է իր բյուջեի հաշվին։ Համայնքում, ենթադրենք՝ կա 100 և ավելի տնտեսվարող միավոր, դրանցից մի քանի տասնյակը վճարել է որոշակի չափով, ցածր դրույքաչափերով, այդպես է որոշել ավագանին, չեն ունեցել ընդհանուր պատկերացում այդ պրոցեսների հետ կապված և այդ վճարներով են աշխատել։

Մեր համապատասխան ուսումնասիրություններից, քննարկումներից հետո հանգել ենք նրան, որ չի կարող տնտեսվարող սուբյեկտը վճարել 1 շնչով բնակչին հավասար հարկ, և փոխել ենք։ Այսօր հանրապետության իրավաբանական անձանց միջինը կազմում է մոտավորապես 5000 դրամ՝  մեկ անձի համար։ Իհարկե, այստեղ նորից տրամաբանություն ենք դրել՝ չդնել այնպիսի վճարներ, որոնք բեռ կդառնան մեր տնտեսվարողների համար։

Բայց մենք ունեցել ենք բազմաթիվ այդպիսի օրինակներ, և այսօր դրանք վերացվել են։ Կրկնում եմ՝ Լոռու մարզում գազալցակայաններից մեկը 300 դրամ էր վճարում աղբահանության համար։ Դա փոխվել է, այսօր նրանք վճարում են 10-15 հազար դրամ»։

Տեսանյութեր

Լրահոս