«2006-2007 թթ. ՄԻԵԴ ընդունած վճիռների շնորհիվ ուրվագծվեց հակամարտության գոտին, որից դուրս են մնացել 400-450 հազար հայեր». Արման Մելիքյան

«Ուշադիր լսեցի բոլոր ելույթ ունեցողներին. ձեզ մոտ դեժավյուի տպավորություն չկա՞, մենք 30 տարի նույն բանն ենք կրկնում»,- այսօր Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մենք 30 տարի ինքներս մեզ պատմում ենք, թե ինչ վատն է ադրբեջանցին և Ադրբեջանը. «Իսկ մենք ի՞նչ ենք անում, իսկ մենք ի՞նչ չենք արել: Ի՞նչ է կատարվում մեր օրերում, ինչպե՞ս ենք մենք վերաբերվում ադրբեջանահայ փախստականների խնդրին. մենք այդ խնդրին չենք վերաբերվում: Փախստականներն ի հայտ եկան կոտորածների արդյունքում: Մենք անընդհատ խոսում ենք մեռելների ու ցեղասպանության մասին, բայց այս կենդանի մնացած մարդկանց հարցերն ինչպե՞ս ենք լուծելու. այդ մասին՝ ոչ մի խոսք: Մենք խնդիրը թողնում ենք օտար ատյաններին, բայց ինքներս ի՞նչ ենք անում. ոչ մի բան, քարոզչություն»:

Նա նշեց, որ 1928 թվականին նախիջևանահայությունը զրկվեց հայրենի տարածք  վերադառնալու հնարավորությունից. «2006-2007 թվականներին Հայաստանի ոչ պաշտոնական, բայց նաև պաշտոնական մասնակցությամբ մի գործընթաց ծավալվեց, որը հանգեցրեց նրան, որ Եվրոպական դատարանում վճիռ կայացվեց, որը, ըստ էության, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությանը դուրս է դրել գործընթացից իրավական առումով: Այդ դատարանը վճիռներ կայացրեց ադրբեջանցի կոչված քուրդ փախստականի և շահումյանցի հայ փախստականի գործերով, և այդ վճիռների շնորհիվ ուրվագծվեց  հակամարտության գոտին, որից դուրս են մնացել 400-450 հազար հայեր:

Քաղաքականությունը սա է: Իսկ ինչպե՞ս դա կատարվեց, ո՞վ գիտի՝ Հայաստանից այդ գործերն ինչպե՞ս ընտրվեցին ու ուղարկվեցին Եվրոպական դատարան: Ո՞վ է դրա պատասխանատուն: Ես ունեմ շատ սուղ տվյալներ դրա կապակցությամբ: Կար մի հասարակական կազմակերպություն, որը, կարծեմ, ստեղծվեց Արդարադատության նախարարությանն առընթեր և կոչվում էր «Իրավական ուղի»:

Կարդացեք նաև

Եվրոպայից այդ կազմակերպությանը գրանտ էր տրվել մոտ 2 միլիոն դոլարի սահմաններում: Այդ մարդիկ ընտրել էին գործերը, ուղարկել էին Եվրոպական դատարան: Այդ գործընթացը Հայաստանի իրավատիրույթից հանվեց, տրվեց օտար մի ատյանի՝ շատ կոնկրետ քաղաքական վճիռ ստանալու ակնկալիքով, այդ վճիռը ստացվեց»:

Տեսանյութեր

Լրահոս