«Հասանովի հայտարարությունն ինչ-որ տեղ պետք է զգաստացնի միջազգային հանրությանը». Դավիթ Բաբայան
Հարցազրույց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։
– Պարոն Բաբայան, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի: Սա, ըստ էության, կրկնում է ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցի բովանդակությունը, և հետևել է Երևանի ու Սևանի մասին Ալիևի հայտարարությանը, Մյունխենում անվտանգության համաժողովին։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը Հասանովի կողմից։
– Սա ինչ-որ նոր բան չէ, այդ մասին անընդհատ խոսում են՝ և՛ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, և՛ մանկապարտեզի վարիչը, և՛ Իլհամ Ալիևը։ Այսինքն՝ սա նորություն չէ, և ավելի շուտ այնքան էլ չի առնչվում ներքաղաքական իրավիճակին։ Սա արտացոլում է Ադրբեջանի պետականաշինության փիլիսոփայությունը, որը հիմնված է հայատյացության վրա, ինչը նաև նացիզմի մի ձև է, և, բնական է, որ սա արտացոլում է հենց այդ գաղափարները։
– Եթե նա ասում է, որ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կրկին փորձելու են հարձակում սկսել մոտ ապագայում։
– Ընդհանրապես, եթե պատմությամբ և տրամաբանությամբ առաջնորդվենք, ագրեսորը, ահաբեկիչը ե՞րբ է հարձակում գործում, երբ կա անակնկալի լավ գործոն։ Եթե նրանք այդ անակնկալությունը կորցնում են, ապա հարձակման համար այնքան էլ բարենպաստ պայման չի լինում։ Ցանկացած ագրեսոր, ահաբեկիչ պետք է անակնկալ մատուցի, դրա համար չեն հայտարարում, որ պատերազմ են սկսում, ընդհակառակը, քողարկում են, փորձում են ամեն ինչ անել, որ թաքցնեն բուն նպատակը, օրը, ժամը, վայրը։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը երբևիցե չի հարձակվելու։ Բնական է, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի նրանց ցանկացած ոտնձգություն կասեցնելու։ Հենց դա է խաղաղության և կայունության պահպանման հիմքը։ Եվ այն, որ ձախողվեց ապրիլյան բլից-կրիգի փորձը, և հիմա էլ համեմատաբար պահպանվում է հավասարակշռությունն ու կայունությունը, սա նշանակում է, որ ագրեսորն ի վիճակի չէ իրականացնել իր հանցավոր ծրագրերը։ Եթե ի վիճակի լիներ, անմիջապես կհարձակվեր։
– Այսինքն՝ փորձեր արվում են, բայց հայկական կողմը համարժեք պատասխանը տալիս է։
– Իհարկե, համարժեք քաղաքականությունը վարվում է։ Դա չի նշանակում, որ մենք պետք է բղավենք իրենց նման և նույնպես հայտարարություններ անենք, որ Բաքուն պետք է գրավենք, և այլն, բայց պետք է բանակաշինության գործընթացն անընդհատ զարգացնենք, պահպանենք բարձր մարտունակությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդենք, հասարակության մեջ համախմբվածությունն ուժեղացնենք։
– Հասանովը նաև ասել է, որ Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն՝ լավ կլիներ, որ միջազգային կառույցները զբաղվեին դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով։ Ի՞նչ պատճառների մասին է խոսքը։
– Գիտեք, ինչ-որ առումով պետք է ասել, որ Հասանովն այստեղ ճիշտ է 2 տեսանկյունից, նախ՝ առանց պատճառների վերացման հնարավոր չէ հետևանքների մասին խոսել, և այստեղ պետք է համաձայնել, բայց պատճառն ու հետևանքն Ադրբեջանն անընդհատ խառնում է, այսինքն՝ նա ուզում է վերականգնել Խորհրդային Ադրբեջանի սահմանները՝ գումարած Սևանը, Երևանը, այսինքն՝ ամեն ինչ է ուզում, բայց չի ուզում խոսել պատճառների մասին։ Իսկ պատճառն Ադրբեջանի քաղաքականությունն է, նրա ագրեսիվությունը, հայատյացությունը, Արցախը կլանելու, ոչնչացնելու, ՀՀ-ն գրավելու այդ հանցավոր մտքերը։ Երկրորդ՝ Հասանովի հայտարարությունն ինչ-որ տեղ պետք է զգաստացնի միջազգային հանրությանը, որովհետև նաև միջազգային հանրության պասիվ կեցվածքը, ոչ համարժեք պատասխաններն են ինչ-որ առումով բերել այս իրավիճակին։ Եթե մի երկիր բռնապետական է, ժողովրդավարական սկզբունքներն այնտեղ անընդհատ ոտնահարվում են, որտեղ հայատյացություն, այսինքն՝ նացիզմ է քարոզվում, և այդ ամենի վրա աչք են փակում, այդտեղ անցկացնում են առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերը, երբ Ադրբեջանը ո՛չ աշխարհագրորեն, ո՛չ, առավել ևս, քաղաքակրթական ձևով Եվրոպա չէ, երբ մեծարում են այդ երկրին, նրա հետ հարաբերություններ են ստեղծում, անտեսում են և չեն ուզում ճանաչել Արցախը, խոչընդոտում են, եթե մի երկիր հերոսացնում է մի մոլագարի, որը գլխատել է հայ քնած զինվորին, վերջերս էլ գեներալ-լեյտենանտի կոչում են տվել այդ աննորմալին, և այդ ամենի վրա աչք է փակվում, իհարկե, Հասանովը պետք է մեղադրի միջազգային հանրությանը։
– Եվրոպան կարծես մոռացել է նաև «Ադրբեջանական լվացքատան» պատմությունը։
– Իհարկե, բայց միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս բոլոր խնդիրներին։ Երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համակարգին, սա չափազանցված հայտարարություններ չեն, որովհետև Անդրկովկասն այնպիսի ռազմավարական կարևոր նշանակություն ունի աշխարհի համար, որ, եթե այստեղ լինի երկարատև լայնածավալ պատերազմ, պատկերացրեք, թե ինչ երկրներ կարող են, կամա թե ակամա, ներգրավվել դրան՝ Ռուսաստան, որ սահմանակից է, Իրան, Թուրքիա, Վրաստան, այսինքն՝ սա կինի անկանխատեսելի պոռթկում համաշխարհային մակարդակով։ Հետևաբար՝ պետք է շատ լուրջ վերաբերվել։ Իսկ հակամարտության համապարփակ նորմալ կարգավորում չի կարող լինել առանց Ադրբեջանի ժողովրդավարացման։ Հետևաբար՝ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ երկրի ահաբեկչական քաղաքականությունն ու պետականաշինության փիլիսոփայությունը վերացնի, փոխի, դարձնի ժողովրդավարական։ Ինչքան դա տեղի չի ունենում, այնքան ակնկալել որևէ փոփոխություն անիրատեսական է։
– Բայց լվացքատունն ինչո՞ւ մոռացան, ըստ Ձեզ։
– Աշխարհաքաղաքական շահերի պատճառով, հավանաբար։ Գուցե ինչ-որ մարդիկ կան այդտեղ ներգրավված, որովհետև այդ լվացքատան պատմությունը սառցաժայռի միայն վերևի մասն էր, իսկ սա արդեն մեծ հարված է ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհի իմունային համակարգին։ Ինչպե՞ս կարելի է լինել կոռումպացված, կապ չունի՝ դա ԵԽ ԽՎ նախագահն է, թե եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, և խոսել ժողովրդավարության մասին։ Այդպես չի լինում։ Կոռուպցիան ահաբեկչության մի ձև է, պարզապես այլ ոլորտում։ Եթե ահաբեկիչը ռումբ է պայթեցնում, մարդ է գլխատում, կոռուպցիան էլ քայքայում է պետության ներքին արժեհամակարգը։ Որևէ տարբերություն չկա։ Եվ քաղաքակիրթ աշխարհը պետք է շատ համարձակություն ձեռք բերի, որպեսզի այդ ամենի դեմ պայքարի, որքան էլ դա դժվար լինի։
– Հնարավո՞ր է՝ վերջին շրջանում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների ավելացումը պայմանավորված է այս օրերին նշվող Ղարաբաղյան շարժման 30-ամյակով։
– Ոչ թե պայմանավորված է, այլ գուցե առիթ է է՛լ ավելի բարձրաձայն բղավելու այդ ամենի մասին։ Իսկ պատճառը պետականաշինության իրենց փիլիսոփայությունն է։ Առիթները շատ են՝ շարժման 30-ամյակը, այս տարի նաև պետք է տոնեն Ադրբեջանի՝ այդ արհեստածին երկրի 100-ամյակը, հետո՝ Հեյդար Ալիևի 95-ամյակը, հետո կհիշեն Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի կորստի 25-ամյակը, և այլն։ Պատճառի առկայության դեպքում առիթներ միշտ կգտնվեն։