«Շարժական արագաչափերը կիրառվում են բազմաթիվ երկրներում». Դավիթ Հարությունյան

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա չի համարվում մարդու իրավունքների խախտում, եթե որոշակի կանոններ պահպանվում են: Կհետևենք, որ այդ կանոնները պահպանվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանով է իրավաչափ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումը՝ հաշվի առնելով, որ մարդու մասին անձնական տվյալներ են հավաքվում՝ առանց նրա իմացության:

«Շարժական արագաչափերը կիրառվում են բազմաթիվ երկրներում: Կարելի է կիրառել շարժական և ոչ շարժական արագաչափ և երկու դեպքում էլ խախտել օրենքը: Կարելի է երկու ձևով էլ գործել և միաժամանակ չխախտել օրենքը: Այնպես որ, շարժական լինի կամ ոչ շարժական… Այն, որ մարդիկ փողոցով քայլում են, և խանութների կողքին տեսանկարահանող սարքեր կան, խախտո՞ւմ է արդյոք փողոցով քայլող մարդու իրավունքը, թե՞ ոչ»,- ասաց նա:

Սնանկության գործերով դատարան կստեղծվի

Դավիթ Հարությունյանն ասուլիս ընթացքում ամփոփեց 2017թ. աշխատանքը՝ կարևորելով նաև Դատական օրենսգրքի ընդունումն ու դատական համակարգի նոր կոնցեպտը: «Մեզանում շատ կարևոր հանգամանք է գործերի՝ ողջամիտ ժամկետում քննարկումը, լսումը, արդարադատության իրականացումը: Այդ իսկ պատճառով մենք երկու հիմնական ուղղություն էին որդեգրել: Մեկը դատարանների օպտիմալացումն է և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, երկրորդը՝ մասնագիտացումը:

Կարդացեք նաև

Օրենքով մենք արդեն ստեղծել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարան: Նպատակը եղել է՝ հավասարապես բաշխել դատավորների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական շրջանների դատարաններում գործերի տարբեր հոսք կար, և որոշակի գործերով դատավորների գերծանրաբեռնվածություն էր, այլ գործերով՝ թերծանրաբեռնվածություն: Ծանրաբեռնվածությունը հավասարեցնելով՝ կարծում ենք, որ կլուծենք շատ կարևոր խնդիր: Բացի դրանից՝ դա նաև հակակոռուպցիոն ուղղվածություն ունի:

Մասնագիտացման առումով մենք մի շարք քայլեր ենք կատարել: Մասնավորապես, 2019թ. մենք ստեղծելու ենք սնանկության դատարան, իսկ մինչ այդ արդեն քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի համապատասխան մասնագիտացմամբ դատավորների խումբ ձևավորվի: Իհարկե, սրանով չենք սահմանափակվում, և բազում նորամուծություններ կան: Մասնավորապես, փորձում ենք գործերի մի մասից բեռնաթափել դատարաններին՝ դրանք տեղափոխելով այլ տիրույթներ: Օրինակ՝ նոտարի կատարողական մակագրություն: Ստեղծում ենք այդպիսի ինստիտուտ տարածված գործերի համար, որոնք պարտադիր չէ, որ դատավորի կողմից միջամտություն պահանջեն»:

«Ես շատ քիչ անձ գիտեմ, ովքեր արդարացիորեն պարտվել են դատարանում, բայց գոհ են արդարադատությունից»

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հայաստանից բազմաթիվ դիմումներ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եթե նայեք այս պատկերը, կտեսնեք, թե տարիների ընթացքում ինչպես է աճում երկրի ծանրաբեռնվածությունը: Այս առումով հաճախ հարց են տալիս՝ դա լա՞վ է, թե՞ վատ է: Ես չեմ կարող ասել, որ դա ինքնին վատ ցուցանիշ է համարվում: Այն, որ մարդիկ փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, շատ հաճախ խոսում է այն մասին, որ մեզանում կայանում է փաստաբանության ինստիտուտը, որ մարդկանց իրավագիտակցությունն էապես աճում է»,- ասաց նախարարը:

Հարցին՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ մարդիկ չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել Հայաստանում և հույսը դնում են ՄԻԵԴ-ի վրա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, եթե երկրում արդարադատության որակը ցածր է, բնական է, որ դա ևս լրացուցիչ գործոն է, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների թիվն ավելանա: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Արդարադատության որակը կարող է ամենաբարձրը լինել, բայց որպես կանոն՝ դատարանում երկու հակադիր կողմեր են լինում, և որպես կանոն՝ կողմերից մեկը պարտվում է, մյուսը՝ հաղթում:

Եվ որպես կանոն՝ պարտված կողմն արդարադատությունից դժգոհ է մնում: Ես շատ քիչ անձ գիտեմ, ովքեր արդարացիորեն են պարտվել դատարանում, բայց հոգ են արդարադատությունից: Այնպես որ, դրանից ուղղակիորեն հետևություն անել, որ մեր դատական համակարգը կոռումպացված է, և նմանատիպ ձևակերպումներ, ես կարծում եմ՝ ընդունելի չէ, և նման մեկնաբանությունը ճիշտ չէ»:

Առողջապահության ծառայությունը կենթարկվի Արդարադատության նախարարությանը

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այսօր Առողջապահության ծառայությունը ենթարկվում է Քրեակատարողական ծառայությանը, ինչը բախում է առաջացնում: «Քրեակատարողական ծառայությունն ունի իր խնդիրները, Առողջապահության ծառայությունը՝ իր խնդիրները: Ենթարկվելով Քրեակատարողական ծառայությանը՝ մենք որոշակի բախում ենք ունենում: Սա գրեթե նույն բախումն էր, որն առկա էր, երբ քրեակատարողական համակարգը ենթարկվում էր Ոստիկանությանը: Դուք հիշում եք՝ ինչու այն տեղափոխվեց Արդարադատության նախարարություն. ինքնին Ոստիկանությունը և Քրեակատարողական ծառայությունը կարծես թե բացարձակապես տարբեր խնդիրներ ունեին, իսկ երբ նրանք գտնվում էին մեկ հովանոցի ներքո, ստացվում էին բախումները, անլուծելի խնդիրները, որոնք պետք է համակարգային հանգուցալուծվեին: Համակարգային հանգուցալուծումն առանձնացնելն էր: Նույնը պատրաստվում ենք իրականացնել այս տարի: Առողջապահության ծառայությունն ամբողջովին դուրս է գալու Քրեակատարողական ծառայության ենթակայությունից և ուղղակիորեն ենթարկվելու է Արդարադատության նախարարությանը»,- ասաց նախարարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս