Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան
Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրք պաշտոնյաները Հունաստանի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել:
«Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն»,-նշում է աղբյուրը:
Նախորդ շաբաթ Թուրքիայի քաղաքացի կինը երկու մանկահասակ երեխաների հետ փորձել էր անցնել թուրք-հունական սահմանային Էվրոս գետը: Կինն ու երեխաները խեղդվել էին գետում: Լրատվամիջոցների փոխանցմամբ կինն այդ քայլին գնացել էր թուրքական իշխանությունների հալածանքների պատճառով:
Թուրքիայում 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, ավելի քան 140 հազարը՝ ազատվել աշխատանքից: Հազարավոր քաղաքացիներ իշխանությունների ճնշումներից խուսափելու համար տեղափոխվել են տարբեր երկրներ: