«Պաշտոնական հասցեական գնահատական՝ Ադրբեջանի նախագահի տարակուսելի և զարհուրելի զառանցանքին, որևէ եվրոպական կամ միջազգային կառույց չի տվել»

«Յուրաքանչյուր հարց շատ լավ առիթ է՝ ասելու և ներկայացնելու քո պետության կարծիքը։ Կարծում եմ՝ այս հարցը ևս շատ լավ առիթ էր և հնարավորություն Հանրապետության նախագահի համար՝ ևս մեկ անգամ ներկայացնել իսկական պատկերը, թե ինչ է եղել 2013-ին։ Եվ պարոն նախագահը ևս մեկ անգամ նշեց, որ ընտրության առաջ մենք չենք դրել մեր եվրոպացի գործընկերներին, մենք եղել ենք ազնիվ։

Ընդհակառակը, մենք պատրաստ ենք եղել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, եվրոպացի մեր գործընկերներն են ասել՝ հնարավոր չէ, բայց ընդամենը մի քանի օր հետո նման համաձայնագիր ստորագրեցին Ուկրաինայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթին և «Եվրասիա խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի հարցին, որը, վերլուծաբանների կարծիքով՝ անհարմար իրավիճակում էր դրել ՀՀ նախագահին։

Հիշեցնենք, որ Բրեմերը հետաքրքրվել էր, թե Սերժ Սարգսյանն ափսոսո՞ւմ է, որ 2013 թվականին մերժել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և մտել Եվրասիական միություն։

Ըստ Է. Շարմազանովի՝ անհարմար դրության մեջ դնելը տարօրինակ մեկնաբանություն է։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այսօրվա արդյունքն է, որ խոսում է այն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ մեր արտաքին քաղաքականությունը, որը սպասարկում է ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Եվրասիական միության շահերը, այլ սպասարկում է բացառապես ՀՀ ինքնիշխան պետական շահերը, հաջողել է, որովհետև ՀՀ-ն եզակի պետություն է, որը կարողանում է իր դաշնակցային հարաբերությունները զարգացնել ՌԴ-ի հետ, խորացնել իր ինտեգրումը ԵԱՏՄ-ին, միևնույն ժամանակ՝ ստորագրել համաձայնագիր ԵՄ-ի հետ.

«Ե՛վ քաղաքականությունը, և՛ քաղաքական գործիչների գործունեությունը գնահատում են արդյունքներով։ Իսկ արդյունքը հետևյալն է՝ Մյունխենում թե՛ եվրոպացի, թե՛ ռուս մեր գործընկերները հստակ դրական գնահատեցին այն արդյունքը, որ ունենք»։

Անդրադառնալով ռուս-թուրքական սիրո մասին Յան Բրեմերի դիտարկմանը՝ Է. Շարմազանովը նկատեց, որ քաղաքականության մեջ սեր չկա, այլ կա պետությունների փոխշահավետ շահ.

«Միևնույն ժամանակ՝ ես այն կարծիքին չեմ, որ ռուս-թուրքական սեր կա։ Իհարկե, Ռուսաստանն ու Թուրքիան շատ հարցերում ունեն ընդհանուր շահեր, բայց շատ ավելի շատ հարցերում ունեն միմյանց հակասող շահեր, և դրանցից ամենակարևորներից մեկը Ղրիմի հարցն է։ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը լրիվ հակառակ են, և Թուրքիան այն պետություններից մեկն է, որը կտրուկ դեմ է Ղրիմի միացմանը Ռուսաստանին։ Իսկ մենք գիտենք, որ Ղրիմի հարցը Ռուսաստանի համար նույնքան կարևոր է, որքան, միգուցե, հայ ժողովրդի համար՝ Արցախի խնդիրը։ Եվ ասել, որ Թուրքիան ու Ռուսաստանը շոկոլադային սիրո մեջ են, այնքան էլ այդպես չէ։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն մրցակիցներ, այլև հակառակորդներ են տարածաշրջանում, այդ թվում՝ Կովկասյան։ Սա է ցույց տվել ռուս-թուրքական հարաբերությունների 250-300 տարվա պատմությունը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, Է. Շարմազանովը նշեց, որ ՀՀ-ն իր հարաբերությունները Թուրքիայի հետ չի պայմանավորում Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ հարաբերություններով։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր յուրաքանչյուր հարաբերություն հարևան երկրի հետ պայմանավորում է՝ նախ և առաջ առաջնորդվելով իր պետական շահերով, իսկ այսօր Թուրքիան ունի ժխտողական քաղաքականություն, ունի շատ բարդ իրավիճակ իր հարևանների հետ։

«Թուրքիան ֆուտբոլային դիվանագիտության այս 10 տարում ցույց է տվել, որ ինքը տարածաշրջանային սպառնալիք է։ Իսկ երբ 10 տարի առաջ մենք մեր եվրոպացի, այդ թվում՝ գերմանացի բարեկամներին ասում էինք, նրանցից ոմանք կասկածանքով էին ընդունում դա։

Այսօր երևաց, որ Թուրքիան այն պետությունն է, որը բեռլինյան պատի քանդումից 30 տարի անց դեռևս պատեր է կառուցում։ Եվ ես չեմ կարծում, որ Թուրքիան պետք է մերձենա Ռուսաստանի հետ, որ Եվրոպայում որոշ մարդիկ կամ քաղաքագետներ հասկանային, որ Թուրքիան ապակառուցողական է տրամադրված։ Թուրքիան ապակառուցողական է եղել և՛ 10 տարի, և՛ 5 տարի առաջ, և՛ այսօր։ Առնվազն Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական արձանագրություններում խոսել առանց նախապայմանների։ Սա է խնդիրը, և սրա մասին պետք է խոսեն մեր եվրոպացի գործընկերները,ոչ թե ռուս-թուրքական սիրո, այլ՝ տարածաշրջանային սպառնալիքի մասին, և առաջինը՝ Ադրբեջանի մասին։

Եվ ճիշտ է ՀՀ նախագահը, որ նշեց, որ, երբ այդ զառանցանքին եվրոպական կառույցները լռում են, դա շատ վտանգավոր է։ Առայժմ միակ հասցեական գնահատականը տվել է միայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Այլ պաշտոնական հասցեական գնահատական Ադրբեջանի նախագահի, մեղմ ասած, ապակառուցողական, իսկ իրականում՝ տարակուսելի և զարհուրելի զառանցանքին, որևէ եվրոպական կամ միջազգային կառույց չի տվել»,- ասաց Է. Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս