Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանի հերթական «բիոզուգարանը»՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն

Եթե խոսքերն իրականություն դառնալու կախարդական հունար ունենային, Հայաստանը վաղուց տարածաշրջանային կենտրոնների կենտրոնն էր դարձել։ Այս տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայել Հայաստանի համար մեգանախագծեր մշակելու համար, բնականաբար, միայն թղթաբանության վրա ծախսելով միլիոնավոր գումարներ։ Ինչ ծրագրեր ասես՝ չեն մտածել՝ է՛լ «Հյուսիս-Հարավ» երկաթգիծ, Մեղրի ՀԷԿ, նոր ատոմակայանի կառուցում, Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Համահայկական բանկ, և այլն։

Այս «մեգա» շարքից էր նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը։ Դրա «կնքահայրը» ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն է։

Ինչպես սկսվեց

Կենտրոնի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թ. հոկտեմբերի 30-ին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու այս ամբիցիոզ ծրագիրը համատեղ մշակվել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների կողմից: Այն իրականացնելու էր ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ և այլ ծառայություններ: Կարճ ասած՝ կենտրոնը վաղ շրջանում ախտորոշելու էր քաղցկեղը և ապահովեր բարձրակարգ ճառագայթային բուժում։ Այն ժամանակ պաշտոնյաները խոստանում էին արդեն 2 տարուց գործարկել կենտրոնը։ Հիմնարկեքից դեռ 2 տարի առաջ Բելգիայի կառավարությունը հաստատել էր նախագծի իրականացման նպատակով Հայաստանին վարկային միջոցների տրամադրումը՝ Libor+4 պայմաններով, 10 տարվա մարման ժամկետով։

Ընդ որում՝ վարկի մարումը սկսվել է 2015 թվականից։ Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը 80-60 մլն դոլար է: Կենտրոնի ճարտարապետաշինարարական նախագծերն իրականացրել էին բելգիական IBA և ամերիկյան GMS ընկերությունները։

3 տարի առաջ հայտարարվեց, որ ավարտվում են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև

2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը:

Ինչ ունենք

Շուրջ 1 ամիս առաջ Ազգային ժողովում, ի պատասխան «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցադրման, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ ձեռք բերված օզիտրոն էմուսինիային տոմոգրաֆը գտնվում է բարվոք վիճակում, սակայն այն գործարկելու նպատակով անհրաժեշտ է երկիր ներկրել համապատասխան իզոտոպներ, որոնք ունեն կարճ կյանք՝ մոտ 1-1.5 ժամ։ Օրինակ՝ Վրաստան դրանք բերվում են Թուրքիայից ինքնաթիռով։ «Հաշվի առնելով, որ մեզ մոտ այդ իզոտոպները կարող են հասնել շատ ավելի երկար ժամկետում արտադրողների մոտից, ներկրումը մեզ համար ուղի չէ։

Հետևաբար՝ որոշում է ընդունվել ձեռք բերել ցիկլատրոն (արագացուցիչ) և իզոտոպներն արտադրել ՀՀ տարածքում։ Ներկա ժամանակ բանակցություններ են գնում Ֆիզիկայի ինստիտուտի անձնակազմի հետ, որպեսզի այդ խնդիրն իրենք վերցնեն իրենց վրա և ցիկլատրոնը կարճ ժամկետներում գործարկվի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ճիշտ ուղու վրա են՝ «հարցը շտկելու նպատակով»։

Մինչ Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է «շտկել» Տիգրան Սարգսյանից ստացած ժառանգությունը, հարևան վրացիներն արդեն առաջ են ընկել, և Հայաստանի քաղաքացիները ստիպված են չարորակ գոյացությունների բացահայտման և ախտորոշման նպատակով մեկնել Թբիլիսի։

Ինչ կլինի

Ինչպես նախկինում՝ բիոզուգարանները, որոնց համար Տիգրան Սարգսյանը ծախսեց 340 հազար դոլար, այնպես էլ այս մեգանախագիծը դատապարտված է, և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը չի բացվելու։

«168 Ժամի» հավաստի աղբյուրները նշում են, որ խնդիրն այն է, որ ցիկլատրոնի գնման ժամանակ Սարգսյանի կառավարությունն ընտրել է ամենաանհաջող տարբերակը՝ այն մեծ չէ, որպեսզի հնարավոր լիներ արտադրանքն արտահանել Վրաստան, ոչ էլ փոքր է, որպեսզի բավարարեր միայն Հայաստանի կարիքները։

Ընտրվել է միջին չափի ցիկլատրոն՝ ավելի թանկ, բայց ոչ արդյունավետ։ IBA ընկերությունը, որը վաճառել է ցիկլատրոնը, ասում է, որ, եթե այն հնարավոր լինի գործարկել, ապա սարքը կաշխատի, եթե՝ ոչ, ուրեմն չի էլ աշխատի, քանի որ նոր տեղադրված ժամանակ անհաջողության հավանականությունը 1% է, իսկ տեղադրումից տարի անց՝ 75%։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը հայտնվել է շատ խնդրահարույց իրավիճակում։

Պատկերացրեք, որ ՀՀ բարձրաստիճաները վերջապես որոշեն գործարկել ցիկլատրոնը, հավաքվեն կարմիր ժապավեն կտրելու համար և հանկարծ սարքը չաշխատի։ Ռուսը նման դեպքում ասում է՝ «и смех, и грех»։

Ծրագիրը վերակենդանացնելու համար ներկայիս կառավարությունը նախատեսում է հատկացնել 200 մլն դրամ՝ IBA ընկերությանը հրավիրելու համար, որպեսզի անցկացվի աուդիտ և կատարվի սարքի փորձարկումը։ Ամենայն հավանականությամբ, այդ փորձարկումը կկատարվի անձայն, 7 դռների ետևում, որպեսզի անհաջողության դեպքում հերթական անգամ աղմուկ չբարձրանա։ Սակայն, թե ե՞րբ կգտնվեն այդ գումարները, մեծ հարց է։ 2018-ի բյուջեում դրանք չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս