Բաժիններ՝

«Աշխատեք 80 մլն բնակչություն ունեցող Իրանի հնարավորություններն ուղղորդել դեպի Հայաստան». ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկաներին ողջունեց հայերենով. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորը և Աստծուց առողջություն հայցում»։ Այնուհետև, անցնելով պարսկերենին, դեսպանը նշեց, որ ուրախ է Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակը նշել Հայաստանում։

«40 տարի առաջ մենք կարողացանք բողոքելով անկախություն հռչակել մեր երկրում։ Այն օրվանից, երբ ազատությունն ու անկախությունը մուտք գործեցին մեր երկիր, մենք թույլ չտվեցինք որևէ երկրի կամ ուժի՝ ոտնձգություն կատարել մեր երկրի նկատմամբ, և բարիդրացիական հարաբերություններ հաստատեցինք մեր հարևան պետությունների հետ։ Արևմուտքի և Արևելքի բազմաթիվ երկրներ ձեռք ձեռքի էին տվել, որպեսզի կարողանային մեր հաղթանակած հեղափոխությունը տապալել։ 8 տարի պարտադրված պատերազմ ստեղծեցին մեզ համար, մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը նահատակվեցին այդ պատերազմի ընթացքում։ Դրանից հետո արդեն սկսեցին պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, և կարելի է ասել՝ մենք ոչ մի հնարավորություն դրսից չէինք ստանում»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակահատվածում նաև Հայաստանն էր հայտնվել դժվարին կացության մեջ։

Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծեց՝ Իրանն այդ ժամանակ քայլեր է ձեռնարկում Հայաստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. «Մենք քաջ գիտակցում էինք պատերազմի հետևանքները, և ձեռնարկեցինք քայլեր, որպեսզի խաղաղություն պահպանվի Հայաստանում։ Դրանից հետո աղետալի երկրաշարժը տեղի ունեցավ Հայաստանում։ Այդ ժամանակ դարձյալ մենք ձեր կողքին էինք։ Այսօր այս խաղաղ կյանքը, իսկապես, շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։ Մենք պետք է լինենք մեր երկրների բարձրաստիճան ղեկավարների կողքին և աշխատենք պահպանել այս անվտանգությունն ու խաղաղ վիճակը։ Վաղ անցյալից քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջև շատ լավ են եղել։ Մենք բազմաթիվ հնարավորություններ կարող ենք ապահովել ՀՀ-ի համար։ Իրանում կա 70 հազարանոց իրանահայ համայնք։ Իրանահայերն Իրանում շատ խաղաղ գոյակցում են այնտեղի մուսուլմանների կողքին, և, եթե իրանահայը Հայաստան է գալիս, դժվար է տարբերակել՝ նա Հայաստանի՞ հայ է, թե՞ Իրանի։ Աշխատեք 80 մլն բնակչություն ունեցող Իրանի հնարավորություններն ուղղորդել դեպի Հայաստան»։

Դեսպանն առաջին քայլերը բժշկության ոլորտում է կատարել, ցանկացել է բժիշկ դառնալ, բայց չի կարողացել հաջողության հասնել այդ ոլորտում և մուտք է գործել դիվանագիտության և քաղաքական ասպարեզ։ Նա նշեց, որ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում կարողացել է արդյունավետ քայլեր կատարել երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, և հավելեց, որ մի քանի ամսից կավարտվի իր գործուղման ժամկետը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս