«Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ». Լևոն Մնացականյան. news.am
Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am գործակալությանը։
– Նախօրեին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհվել։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շփման գծում։
– Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Իսկապես, նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։
Վերջին շրջանում հակառակորդն ավելի շատ հրաձգային զենք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում։ Վերջին միջադեպը դրա եւս մեկ վկայությունն է։
– Երկար տարիներ խոսվում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Եթե երկրորդ հարցում առկա է Ադրբեջանի ակնհայտ հակազդեցությունը, առաջինի դեպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան։ Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդյունքներ կտա՞։
– Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսեւորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսեւորեն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսեւորվել։
Ադրբեջանական կողմից էլ իրականացվում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ոչ այնպիսի ծավալներով, որքան մեզ մոտ, բայց դա էլ բավարար է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։
Որպես Արցախի պաշտպանության նախարար եւ Պաշտպանության բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին։ Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել։ Թե որքանով հնարավոր կլինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցույց կտա ժամանակը։
– Հայկական կողմը բազմիցս կարծիք է հայտնել տեղական հրամանատարների միջեւ ուղիղ շփումների օգտակարության մասին՝ միջադեպի դեպքում իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
– Մենք պատրաստ ենք դրան։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ։ Հաճախ են դեպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրոք նախանշված վայր՝ վկայակոչելով այս կամ այն հորինված պատճառը։ Դա վկայում են նաեւ դիտորդները։ Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հենց դիտարկումների ժամանակ, նույնիսկ մեր կողմից զինծառայողի վիրավորման ցավալի փաստ։ Այսինքն, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ, եւ դիտարկման ընթացքում տրվող երաշխիքները եւս զսպող գործոններ չեն։
– Ադրբեջանական կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում այս կամ այն հզոր սպառազինության ձեռքբերման մասին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։
– Մի առիթով ասել եմ. իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Հնարավոր է՝ այդ գումարները դուրս են գրվում՝ հանգրվանելով պաշտոնյաների գրպաններում։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։ Այսպես, բոլորովին վերջերս հյուսիսային ուղղությամբ մենք հնարավորություն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինության» ցուցանմուշ եւ ցույց տվեցին ԶԼՄ-ներով։
– Հասարակությանը մտահոգում է Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինության գնումը։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ։
– Բոլոր հնարավոր ուղիներն օգտագործելով սպառազինություն ձեռք բերելու Բաքվի ձգտումը բնական է։ Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանից չգնված սպառազինությունը Ադրբեջանը կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, ասենք՝ Թուրքիայից։ Առաջին դեպքում որոշակի վերահսկողություն կա սպառազինության տեսակների ու քանակի նկատմամբ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կան ազդեցության լծակներ։ Մենք մեր կողմից գնում ենք մեզ անհրաժեշտ սպառազինությունը։
Ինչ վերաբերում է հավասարակշռությունը խախտելու մասին հայտարարություններին, ապա եկենք հիշենք, որ հավասարակշռությունը խախտվել էր 1992 թվականից առաջ ու հետո, բայց հարցն այն է, թե արդյոք դա ադրբեջանական կողմին առավելություն տվե՞ց եւ ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ 1992 թվականին մենք հրաշալի կատարեցինք մեր խնդիրը, եւ հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է հենց զենքի ուժի շնորհիվ։ Վստահ եմ, որ այսուհետ եւս Զինված ուժերը, չնայած Բաքվի զանազան գնումներին, պատվով կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները։
– Վերջերս Ադրբեջանի նախագահը հերթական ագրեսիվ հայտարարությունն է արել՝ խոստանալով «վերադառնալ Երեւան»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։
– Հիշում եք, նրանք ժամանակին ուզում էին թեյ խմել Շուշիում եւ իրենց դրոշը բարձրացնել Ստեփանակերտում։ Ապրիլից առաջ (2016 թվականի-խմբ) նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպես կոչված, քարոզչական նկարահանումները, ավելի մոտ էին Բաքվին, քան Երեւանին։ Ոտնձգությունների դեպքում այդ վայրերն ավելի հեռու կլինեն։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են եւ եթե Ալիեւի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: