«Վտանգն Անվտանգության խորհրդին նման լիազորություններ տալն է, ոչ թե՝ կոնկրետ մարդկանց լինել կամ չլինելու մեջ». ՀԱԿ անդամ

Ինչպես հայտնի է, այս օրերին Ազգային ժողովում ակտիվ քննարկվում էին մի շարք օրինագծեր, որոնց թվում են Ներման մասին և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքների նախագծերը:

Այս երկու նախագծերը հատկապես շատ քննադատվեցին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից՝ նշելով, որ սրանցով նախագահի լիազորություններն ավելի են սահմանափակվում:

Հիշեցնենք, որ ըստ Ներման մասին օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը դատապարտյալին ներում շնորհելու առաջարկությամբ պետք է դիմի ՀՀ նախագահին: Նախագահը կարող է առարկություն ներկայացնել, բայց վարչապետն էլ իրավունք ունի շրջանցել նախագահի առարկությունը: Այդ դեպքում գործը գնում է Սահմանադրական դատարան: Իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս խորհրդում ներգրավված չեն հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը:

168.amի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ այս պրոցեսը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ նախաձեռնվեցին սահմանադրական բարեփոխումները. «Նպատակն է եղել՝ ունենալ ոչ թե՝ խորհրդարանական համակարգ, այլ՝ կենտրոնացված իշխանություն: Հիմա այդ ամեն ինչի իրականացումն է այս օրենսդրական փոփոխություններով կամ նոր օրենքներով: Եթե մարդիկ դա 2015 թվականին չէին տեսել, չեն պատկերացրել, ոչինչ, բայց մարդիկ կան, որոնք հուշել են ու զգուշացրել են, բայց վատը նա է, որ այդ մարդկանց չեն լսել:

Բոլոր դեպքերում, այս ամեն ինչի նպատակն իշխանության գերկենտրոնացումն է մի մարդու ձեռքում, որը կլինի երկրի վարչապետը: Եթե խորհրդարանական հանրապետություն ենք ուզում, խորհրդարանական հանրապետությունում իշխանությունը գտնվում է Ազգային ժողովի, ոչ թե՝ վարչապետի ձեռքին: Հիմա մենք բոլորս ականատես ենք լինում՝ ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքին»:

Վ. Խաչատրյանը նկատեց, որ Անվտանգության խորհուրդը միայն պետք է կոչված լինի նրան, որ խորհուրդներ տա. «Նա որոշումներ կայացնելու լիազորություններ պետք է չունենա, որը պարտադիր նորմ պետք է դառնա: Վտանգը դրանում է, ոչ թե՝ կոնկրետ մարդկանց լինել կամ չլինելու մեջ: Վտանգն Անվտանգության խորհրդին նման լիազորություններ տալն է, որովհետև ստացվում է նորից մի քաղբյուրո: Այսինքն՝ ունենք Ազգային ժողով, կառավարություն, և այլն, և պարզվում է՝ այդքանը բավարար չէ կառավարում իրականացնելու համար, մի հատ էլ Անվտանգության խորհուրդ ենք ստեղծում, նրան էլ որոշում կայացնելու լիազորություն ենք տալիս: Վտանգը սրա մեջ է:

Եթե մենք ժողովրդավարության մասին ենք խոսում, ժողովրդավարությունն ասում է՝  այդ որոշումների կայացման մեջ հնարավորինս մեծացնել մարդկանց թիվը և գործունեության մեջ թափանցիկությունը ավելացնել: Բայց հիմա, ընդհակառակը, մենք շատ ավելի փակ կառույցներ ենք ստեղծում, շատ ավելի քիչ մարդկանց մասնակցությամբ, որոնք պետք է պետության համար շատ կարևոր որոշումներ ընդունեն»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ-ում վերականգնվում է Խորհրդային Միության ամբողջ համակարգը. «Այն ժամանակ կար Գերագույն խորհուրդ և Գերագույն խորհրդի նախագահություն: 1991 թվականին այս ամեն ինչը վերացվեց, շատ ավելի պարզ սխեմաներ ու պարզ կառավարման համակարգ էր: Կար Ազգային ժողով, և վերջ: Հիմա մենք այս նոր Սահմանադրությամբ ստեղծեցինք նախագահություն: 1995 թվականի Սահմանադրությամբ էլ կար կառավարություն և նախարարներ: Հիմա մենք ստեղծում ենք մի մարմին՝ հանձին Անվտանգության խորհրդի, որտեղ հատուկ նախարարներ են մտնում: Այն, ինչ եղել է 1991 թվականից հետո, այդ Անվտանգության խորհուրդը որոշում կայացնելու լիազորություն և իրավունք չուներ, ընդամենը կարող էր որոշումներ կայացնել խորհրդակցական ձայնի իրավունքով: Այդ որոշումները ներկայացվում էին երկրի նախագահին, նա կուզեր՝ կընդուներ, չէր ուզի՝ չէր ընդունի: Խնդիրը սրա մեջ է, ամբողջ կառավարման էությունը փոխվելու է»:

Տեսանյութեր

Լրահոս