
«Նախագահին դատապարտյալին ներելու առաջարկություն է ներկայացնելու ՀՀ վարչապետը». Փոխնախարար

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի հերթական նիստը, և սկսվեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը:
«Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքով սահմանվել են ներման խնդրագրի ներկայացման սուբյեկտները:
«Մեր Սահմանադրության պահանջն է, որ դատապարտյալը պետք է ներկայացնի խնդրագիրը: Դատապարտյալը խնդրագրում պետք է ներկայացնի գործի հակիրճ նկարագրությունը, իր խնդրանքը, իր հանցանքի վերաբերյալ իր վերաբերմունքը: Թեպետ նախագահի հայեցողական որոշումն է՝ ներում շնորհել ցանկացած դեպքում, բայց, ամեն դեպքում, օրենքով սահմանվել է, թե ինչ հանգամանքներ պետք է ուսումնասիրել՝ հանցանքի վտանգավորության աստիճանը, ներման բնույթը, դատապարտյալի վերաբերմունքն իր հանցանքի նկատմամբ, իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ:
Հրամանագրի հիման վրա դատապարտյալը չի կարող ազատվել դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը փոխհատուցելու պարտավորությունից, ինչպես նաև չի կարող հանվել դատվածությունը»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախագահին ներման առաջարկություն է ներկայացնելու ՀՀ վարչապետը. «Սահմանադրության պահանջ է, որ լինի մարմին կամ պաշտոնատար անձ, որն այդ ներման առաջարկությունը կներկայացնի նախագահին:
Ներման խնդիրագիրը մերժելու դեպքում՝ մեկ տարի հետո դատապարտյալը կարող է նոր խնդրագիր ներկայացնել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են բացառիկ հանգամանքներ»: