«Բողոքի ակցիա չենք անի». Արթուր Դավթյան

2017թ. Հայաստանի տարածքում արձանագրվել է 20 հազար 285 հանցագործություն: Սա 1521-ով կամ մոտավորապես 8.1 տոկոսով ավելի է 2016թ. ընթացքում արձանագրված հանցագործություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով 2017թ. հանցավորության վիճակին: Նրա խոսքով՝ այս պատկերը վկայում է հանցագործությունների հաշվառման և հանցագործությունների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Արթուր Դավթյանի խոսքով՝ աճն արձանագրվել է ոչ մեծ ծանրության, որոշ չափով նաև՝ միջին ծանրության հանցագործությունների առումով, էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները:

Գլխավոր դատախազն ասաց, որ էական նվազում է արձանագրվել հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասով: «2017թ. պաշտոնապես արձանագրվել է սպանության 49 դեպք, որը 17-ով կամ 25 տոկոսով պակաս է 2016թ. արձանագրված սպանության 66 դեպքերից: Արձանագրված 49 դեպքերից 6-ը վերաբերում են անձանց՝ անհայտ կորելու փաստով հարուցված քրեական գործերին: Երբ անձի անհայտ կորելու պայմաններում առնվազն 10 օր լուր չկա, և նրա բացակայության պատճառների վերաբերյալ ողջամիտ բացատրություն չկա, մենք այդ փաստով քրեական գործեր հարուցում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝  սպանություն: 2017թ. ընթացքում այս փաստով հարուցված 5 քրեական գործեր կարճվել են՝ հետագայում անհայտ կորած անձի հայտնաբերման արդյունքում: 2018թ. նրանցից ևս մեկը հայտնաբերվել է, և բնականաբար, այդ գործի վարույթը կարճվել է»,- ասաց Արթուր Դավթյանը: Նրա խոսքով՝ 90-ականներին Հայաստանում արձանագրվել են սպանության ամենաբարձր ցուցանիշները.  «Ամենաբարձևր ցուցանիշն արձանագրվել է 1992թ.՝ 305 սպանություն: 1992-1997թթ. Ներառյալ՝ մենք ունեցել ենք եռանիշ թվերով սպանություն, 1998թ. սկսած՝ արդեն երկնիշ թվերով և առանձին բացառություններով, որպես կանոն, նվազման միտում ունենք»:

Գլխավոր դատախազն ասաց, որ 2017թ. արձանագրվել է սպանության 23 փորձ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 13-ով: Վերջին 10 տարիների ընթացքում սպանության փորձերի նվազագույն ցուցանիշն արձանագրվել է 2017թ.:

«2017թ. ընթացքում միայն կաշառք ստանալու մեղադրանքով դատի են տրվել 43 պաշտոնատար անձինք»,- ասաց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ աճել են նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը: «2017թ. մեր բացահայտումները վկայեցին առանձին պետական մարմիններում կամ առանձին ստորաբաժանումներում սխեմատիկ, համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով դրույթին, որով նախատեսվում է փաստաբանների ու դատախազների նկատմամբ դատական սանկցիա կիրառել տուգանքի տեսքով, Արթուր Դավթյանն ասաց, որ նախագիծն ուղարկվել է Դատախազություն, որը բացասական կարծիք է տվել համապատասխան փաստարկներով: «Պատկան մարմինը քննարկելու է օրենքի նախագիծը և պատճառաբանությունները»,- ասաց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ իրենք դրա հետ կապված բողոքի ակցիա չեն անի, ինքը դատախազական համակարգի հետ կապված մեծ խնդիրներ չի տեսնում, քանի որ դատարանում դատախազի վարքագծի հետ կապված բողոքների հոսք չունի. «Հետևաբար՝ մենք սրան վերաբերվում ենք լիարժեք ըմբռնումով»:

Տեսանյութեր

Լրահոս