Բազմազավակ ծնողներն առաջարկում են վերացնել նպաստները

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորման» անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքի նախագծի վտանգավոր դրույթների և բացթողումների մասին։

Միավորման անդամ, 7 երեխայի հայր Արմեն Մարկոսյանն ասաց, որ օրենքի նախագծի վերաբերյալ որոշ քննարկումների մասնակցել են, բայց նախագիծը չի հասունացել, որ ընդունվելու մասին խոսք լինի.

«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ-ն անկախությունից ի վեր դեռ բազմազավակությունը՝ որպես կարգավիճակ, չի սահմանել։ Ես ու ինձ նման շատերը փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այս նախագիծն օրենքի վերածվի։ Պետությունն ունի իր պարտավորությունները, բայց մեծ ընտանիքը փոքր պետություն է, իսկ Հայաստանում այն անկլավ է. պետություն՝ պետության մեջ, և պետությունը դեռ մեր կողքին կանգնած չէ։ Նախագծի մեջ վտանգ է ներկայացնում այն, որ գրված է՝ 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը պետք է համարվի բազմազավակ, բայց 4-րդ երեխայի 18 տարեկանը երբ լրանում է, ընտանիքը բազմազավակության կարգավիճակից զրկվում է»։

Դիտարկմանը՝ այսինքն՝ ցանկանում են, որ երեխան դառնա 35 տարեկան, նորից ընտանիքը համարվի բազմազավակ ու պետությունից օգնություն ստանա, նա այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«Ոչ, ես դա չեմ ասում։ Ես չեմ ասում, որ շարունակել վճարել երեխաներին, թող այնպիսի կարգավորումներ անեն, որ ծնողներն այդ կարգավիճակում մնան։ Բոլոր աղքատ ընտանիքները ստանում են նպաստ, որին մենք դեմ ենք, որովհետև նպաստային համակարգը մարդուն դարձնում է մակաբույծ։ Պարտադիր չէ՝ բազմազավակ ընտանիքները լինեն աղքատ, որ պետությունը նպաստ տա նրանց։ Ընդհակառակը, մենք ուզում ենք ինքներս օգնել պետությանը և ստեղծել այնպիսի տնտեսություններ, որ մենք մեր ֆինանսավորման հարցերը լուծենք»։

Իրավաբանների, հոգեբանների միջազգային ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Խաչատուր Մարոզյանը նկատեց, որ նպաստը մարդուն դարձնում է կատարող. «Նա չի ուզում աշխատել։ Մեր առաջարկությունների հիմնական մասն այն է, որ մարդուն տրվի բիզնեսի հնարավորություն, իսկ օրենքում նախկին նպաստային համակարգը քանակական փոփոխությունների է ենթարկվել, ավելացել են բանկային տոկոսները։

Այսինքն՝ եթե ընտանիքն աշխատանք չունի, նրանց ցածր տոկոսներով վարկ է տրվում, որ ինչ-որ բան անի, բայց մենք առաջարկում ենք աշխատելու հնարավորություն տալ։ Մենք առաջարկել ենք աստիճանաբար հրաժարվել նպաստներից և ընտանիքներին հնարավորություն տալ իրենց բիզնես ծրագրերն իրականացնել»։

14 երեխայի հայր Մարտիկ Մելքոնյանն էլ ասաց, որ բիզնես-գաղափարներ ունի, որոնք ներկայացրել է Արարատի մարզպետարան, բայց դեռ պատասխան չի ստացել. «Ընտանիքներ կան, որ ունեն հրաշալի բիզնես-ծրագրեր, բայց չունեն ֆինանսներ, եթե պետությունը կանգնի այդ ընտանիքների կողքին, նրանք կզարգանան»։

Դիտարկմանը՝ եթե այդքան վստահ են, որ իրենց ծրագիրը լավն է, ապա պետք է որ բանկի տված վարկով էլ հաջողեն, Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Գյուղատնտեսությունն այսօր բանկերի տոկոսների պատճառով չի զարգանում, գյուղացին հազիվ իր վարկն է փակում»։

Մարոզյանն էլ ասաց, որ պետությունը պետք է օրենքի ուժով ամրագրի, որ բազմազավակ ընտանիքին տրվի բիզնեսի հնարավորություն, մինչև առաջին շահույթը ստանալը տոկոս չվճարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս