«Եկել է ժամանակը՝ վերանայելու Առողջապահության նախարարության դերը և առաքելությունը»

1991թ. տեղի ունեցավ պատմական իրադարձություն` Հայաստանը ձեռք բերեց անկախություն: Մեր երկիրն այլևս չէր հանդիսանում ԽՍՀՄ հանրապետություններից մեկը, և հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշեր իր հետագա ճակատագիրը` գտնվելով պատերազմի, շրջափակման, լուրջ էներգետիկ ճգնաժամի պայմաններում:

Ավելորդ է ասել, որ այդ պայմաններում ձևավորվեց անկախ Հայաստանի առողջապահական համակարգը:

Ի՞նչ էր այն իրենից ներկայացնում: Խորհրդային ժամանակներից համակարգը ժառանգել էր մեծ քանակով անշարժ գույք, տարբեր թարմության և հնության սարքավորումներ և այդ ամենը աշխատեցնող անձնակազմ՝ բժիշկներ, բուժքույրեր, տնտեսական հարցերը կարգավորող մասնագետներ, և այլն: Շատ արագ պարզ դարձավ, որ ամբողջ համակարգը կարիք ունի արմատական բարեփոխումների, քանի որ ո՛չ գոյություն ունեցող օրենսդրությունը, ո՛չ ֆինանսավորումը, ո՛չ մասնագետների հետբուհական կրթությունը և շատ ուրիշ հարցեր նոր առաջացած իրավիճակին չեն համապատասխանում, և առողջապահական համակարգը նույպես հայտնվեց ծանր ճգնաժամում:

Բոլորս հիշում ենք բուժաշխատողների՝ առանց աշխատավարձի աշխատելու ժամանակները, լույսերի հանգչելը վիրահատությունների պահին, շտապօգնության բավականին հին մեքենաների համար վառելանյութի բացակայությունը, գործիքների, ծախսային նյութերի և սարքավորումների սղությունը: Ի պատիվ Հայաստանի բուժաշխատողների՝ պետք է նշենք, որ անկախ այդ պայմաններից, բոլոր բժիշկները, բուժքույրերը և այլ բուժաշխատողներն անտրտունջ շարունակում էին կատարել իրենց առաքելությունը՝ պայքարել բնակչության առողջության համար:

Կարդացեք նաև

Արդարության համար եկեք հիշենք նաև այն, որ առողջությունը վերականգնելու հետ կապված ծախսերն ամբողջովին ընկել էր բնակչության ուսերին:

Այդ տարիների հիմնական խնդիրը, որ կանգնած էր առողջապահական համակարգի առջև, կայանում էր ժողովրդի բուժման որակի և մատչելիության պայմաններ ստողծելու մեջ: Թվում է, թե այդ իրարամերժ հասկացողություններին հասնելն անհնարին էր, բայց տարիների ընթացքում հաջողվեց ստեղծել առողջապահական նորացված համակարգ, որը մենք ունենք այժմ, և որը, իհարկե, հեռու լինելով կատարելությունից, բազմահազար բուժառուների և հիվանդների բուժօգնություն է ցուցաբերում: Հիշենք առողջապահության ոլորտի համար օրենքների ստեղծումը, բուժհիմնարկների ապապետականացումը, լիցենզավորման, պետպատվերի, առաջնային բուժօգնության՝ անվճար, իսկ հետո նաև՝ սոցփաթեթի համակարգերի ներդրումը, աստիճանաբար խոշոր կլինիկաների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցումը, բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի աճը, դեղերի շրջանառության կարգավորումը և շատ ուրիշ դրական նվաճումները: Անհրաժեշտ է նշել, որ լավագույն ձևով կազմակերպված իմունականխարգելման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիրը դարձան օրինակելի շատ հետխորհրդային և անգամ զարգացած երկրների համար:

Սակայն արդեն մի քանի տարի է, որ համակարգը գտնվում է տեղապտույտի իրավիճակում: Վերոնշված առաջադեմ բարեփոխումները տվել են իրենց դրական արդյունքները և առողջապահական ոլորտի հիմնարկները ձեռք են բերել մեծ ինքնուրույնություն, բուժօգնության տրամադրման հարցերում ղեկավարվում են Հայաստանի օրենսդրությամբ, լիցենզավորման պայմաններով, իսկ մրցակցությունը բերել է բուժանձնակազմի և տեխնոլոգիական զինվածության անընդհատ կատարելագործման:

Թվում է, որ Առողջապահության նախարարությունը կարող է վերջապես սկսել ավելի մեծ ուշադրություն դարձնել այն առողջապահական ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում մենք կունենանք բնակչության առողջության ամրապնդում, հիվանդացության նվազում, կյանքի երկարատևության և որակի ցուցանիշների բարձրացում:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՆ-ն զբաղված է հիմնականում՝ պետպատվերի, իսկ հիմա նաև՝ սոցփաթեթի համար տրամադրվող գումարների բաժանումով, այլ ֆինանսական հոսքերի կառավարումով, ինչը թողնում է ինքնանպատակի տպավորություն:

Վերջին 1,5 տարվա ընթացքում այդ վիճակին գումարվել է համակարգի աուդիտի գործընթացը, ինչը որպես երևույթ՝ դրական է, բայց աուդիտորներին տրվել է նաև ինքնուրույն համակարգը կառավարելու իրավունք, ինչն անմիջապես բերեց իր արդյունքին՝ 2018թ. բյուջեն կրճատվեց 5,9 միլիարդ դրամով, որն ընդունելու պահին Ազգային ժողովի որոշ պատգամավորների շնորհիվ աճեց 4 մլրդ դրամով, բայց, միևնույն է, մնաց 2017թ. բյուջեից պակաս 1,9 մլրդ դրամով: Եվ անգամ այնպիսի անհրաժեշտ «Էլեկտրոնային առողջապահություն» համակարգը, որի օգնությամբ պետք է կապվի համացանցի միջոցով ամբողջ Հայաստանի առողջապահական համակարգը, իրականացվում է ոչ թափանցիկ, փուլերի անհասկանալի հերթականությունով, ձևով, ինչը տեղիք է տալիս կասկածելու այդ համակարգի օգտավետության մասին: Քարոզչության բացակայության պայմաններում նախարարի անզգույշ և չմտածված արտահայտությունների պատճառով լուրջ հարված հասցվեց հակածխախոտային պայքարին և Ազգային իմունականխարգելման ծրագրին:

ԱՆ անձնակազմը բոլոր հետխորհրդային տարիների ընթացքում հարմարվել է առողջապահության այն մոդելին, որը մենք անվանում ենք «հիվանդապահություն»: Այժմ այն չի համապատասխանում նոր մարտահրավերներին, որոնց մեջ մեծ տեղ են գրավում բնակչության առողջությունն ամրապնդող ծրագրերը, որոնք են ծխելը նվազեցնելուն ուղղված երկարատև գործընթացը, առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության խթանման հետ կապված մշակույթի ներդնումը, այլ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ազգային կանխարգելիչ ծրագրերը, և այլն: ԱՆ-ն ստեղծված իրավիճակում ավելի շատ պետք է զբաղվի համակարգի զարգացմամբ, Եվրոպական ստանդարտներին բուժհիմնարկների մակարդակի մոտեցմամբ, բուժանձնակազմի և բուժառուների հարաբերությունների հետ կապված քաղաքակիրթ նորմերի մշակմամբ և ներդրմամբ:

Կարծում ենք, որ եկել է ժամանակը՝ վերանայելու ԱՆ դերը և առաքելությունը: ԱՆ գործառույթները և աշխատակազմը պետք է համապատասխանեցվեն արդի պայմաններին և մարտահրավերներին: Մենք պատրաստ ենք ներկայացնել Հայաստանի կառավարությանն ԱՆ նորացված կառուցվածքը և հիմնական գործառույթների և սպասվող արդյունքների նախագիծը:

Դավիթ Պետրոսյան
Արսեն Թորոսյան
Հանրային առողջության մասնագետներ

Տեսանյութեր

Լրահոս